COP29 խորհրդաժողովին երեք ամսից էլ պակաս ժամանակ է մնում, բայց ՄԱԿ-ի կլիմայի հարցերով բանակցությունների կողմ երկրները դեռևս հեռու են գագաթաժողովի գլխավոր հարցի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում զարգացող երկրներին նպատակային օգնության ֆինանսավորման չափի համաձայնեցումից:
Reuters-ի գնահատականը փոխանցում է Բաքվի «Թուրան» գործակալությունը:
Տեղեկագրվում է, որ հրապարակվել է բանակցություններում քննարկվող յոթ տարբերակ: Հայտնի է, որ կողմերի ներկայացուցիչները սեպտեմբերին պետք է այցելեն Բաքու և փորձեն «որևիցե փոխզիջումային կարգավորում գտնել»: Ըստ այդմ, հակասություններ կան Եվրամիության և Չինաստանի, Պարսից ծոցի արաբական երկրների և մյուս բոլոր մասնակիցների միջև:
Ըստ ծրագրի, առաջիկա հինգ տարիներին զարգացող երկրներին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում պետք է հատկացվի ավելի քան մեկ միլիարդ դոլար: Եվրամիությունը գտնում է, որ մթնոլորտը ավելի շատ աղտոտում է Չինաստանը, ուստի ամենամեծ հատկացումները պետք է կատարի Պեկինը:
Պարսից ծոցի արաբական երկրների կարծիքով՝ նավթի և գազի արդյունահանման և վերամշակման ծավալների կրճատումը իրենց տնտեսություններին կարժենա մոտ կես միլիարդ դոլար, և նրանք բարձրացնում են փոխհատուցում ստանալու հարցը:
Ամենաօպտիմալ տարբերակ, թերևս, Կանադան է առաջարկում. յուրաքանչյուր երկիր նախատեսվող հիմնադրամին պետք է մուծումներ անի բնակչության մեկ շնչի հաշվով արտանետումների և ստացած եկամուտների հաշվարկով:
Այսինքն՝ ով ավելի շատ է աղտոտում մթնոլորտը և մյուսների համեմատ մեծ շահույթ ստանում, պարտավոր է նույն համամասնությամբ վճարումներ կատարել: Մթնոլորտի աղտոտման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կանաչ կամ վերականգնվող էներգիայի աղբյուրների քարոզչությունն, իհարկե, մարդասիրական է, գեղեցիկ է հնչում, բայց երբ գալիս է «դրամապանակ բացելու» ժամանակը, սկսվում են տարաձայնությունները:
Այստեղ նորություն և արտառոց ոչինչ չկա: Խնդիրը համաժողովը նախագահող երկրի վարկն է, հեղինակությունը, հնարավորությունը: Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխթարովը, որ COP 29-ի նախագահողն է, Reuters-ին փաստացի խոստովանել է, որ Բաքվին առայժմ չի հաջողվել «մոտեցումների ընդհանուր պատկերացման հասնել»:
Կլիմայի հարցերով խորհրդաժողովը հյուրընկալելու Բաքվի նպատակադրվածությունը հստակ տնտեսական ենթատեքստ ունի. Ադրբեջանը հրապարակել է «կանաչ էներգիայի» ծրագիր: Խնդիր է դրված գազի ներքին սպառման ծավալները կիսով կրճատել և տնտեսածի հաշվին մեծացնել արտահանումը:
Նման հավակնոտ խնդիր լուծելու համար տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ են պետք, իսկ ազատ միջոցներ չկան: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնադրամը կարող է ադրբեջանական «կանաչ էներգիայի» ծրագրի ֆինանսավորման աղբյուր լինել. միջազգային խորհրդաժողով հյուրընկալելու ցանկությունը մի բան է, փորձությունը հաղթահարելն՝ այլ: Ալիևը, կարծես, հայտնվել է այդ իրավիճակում, մանավանդ որ մյուս կողմից Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը լայն քարոզչություն է սկսել, որպեսզի ԵՄ երկրները COP29-ը բոյկոտեն, եթե մինչ այդ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն:
Այս առումով շատ կոշտ հայտարարություն է արել Բաքվում ԱՄՆ դեսպանը: Նա ասել է, որ Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների գերխնդիրը մարդու իրավունքներն են: Ալիևը չի արդարացրել նաև COP29-ին ընդառաջ Հայաստանի հետ գոնե հարաբերությունների կարգավորման մասին «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու հետ կապված սպասումները:
Բաքվի փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա Ռուսաստանի նախագահի այցը «խիստ բացասական ազդեցություն է թողել»: Ընդհանուր ընկալում է, որ Ադրբեջանը բռնապետական առանցքի մաս է դարձել:
Սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության ստորագրումը Բաքվի իշխանական լրատվամիջոցն անվանել է «բոլորի համար անսպասելի»: Մտավախություն կա, որ դա արվել է COP29-ի շուրջ բանակցային մթնոլորտը բարելավելու համար: Բացառված չէ, որ փաստաթղթի խորհրդարանական վավերացումը Բաքվում ձգձգվի՝ մինչև Կլիմայի հարցերով խորհրդաժողովը կկայանա, իսկ հետո Ալիևը խոչընդոտներ կստեղծի:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞