Կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Հրապարակ թերթը գրել է․ Կանոնակարգը, որ դեռ պետք է ստորագրվեր հուլիսի 1-ին, մոտ երկու ամսով հետաձգվեց` այն ստորագրվեց օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ադրբեջանական կողմից` նրանց փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի կողմից: Երեկ հրապարակվեց երկար քննարկված ու ինչ-ինչ պատճառներով երկու ամիս չստորագրված կանոնակարգի բովանդակությունը։
Դա վեց էջից կազմված փաստաթուղթ է, որով, ըստ նախագծի, նախատեսվում են սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում եւ դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների իրագործում (փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձեւակերպում եւ հրատարակում):
Նախատեսվում է նաեւ սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործում, որն էլ հնարավորություն կստեղծի երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:
Դեռեւս այս տարվա ապրիլին սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, եւ դրանով սահմանված հիմնարար սկզբունքին համապատասխան սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Սակայն Կիրանցում տեղի ունեցածից պարզ դարձավ, որ Հայաստանը ոչ մի քարտեզով էլ սահմանազատում չիրականացրեց, այլ գնաց միակողմանի զիջումների, քանի որ Ադրբեջանին հանձնեց ռազմավարական բարձունքներ, փոխարենը՝ Բերքաբերի մեր տարածքները չվերադարձան մեզ, չնայած Կիրանցից հողեր տալու ժամանակ ասվում էր, որ Ադրբեջանն էլ մեր հողերն է հանձնելու մեզ, քանի որ սովետական ժամանակների սահմաններն են վերականգնվում։
Երեկ հրապարակված կանոնակարգի նախաբանում եւս ամրագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ առ այն, որ հանձնաժողովները պետական սահմանը գծելիս կհիմնվեն հիշյալ հռչակագրի վրա՝ որպես ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։
Կանոնակարգի 7 հոդվածները, կարելի է ասել, նկարագրական բնույթի են, թե ինչպես, ինչ քարտեզներով, ինչ սխեմաներով եւ ովքեր են իրականացնելու սահմանագծումը: Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել փորձագետներ, բայց չի մասնավորեցվում, թե ինչ փորձագետներ են ներգրավվելու այդ պատասխանատու աշխատանքում, որովհետեւ սեւ գործը, փաստորեն, անելու են փորձագետները, եւ հենց դա է կարեւոր։
Օրինակ, հոդվածներից մեկում թվային պատկերով քարտեզներ են հիշատակվում, իսկ թե ինչ քարտեզներով են առաջնորդվելու, պարզ չէ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Կանոնակարգի վեցերորդ հոդվածը թույլ է տալիս այս կանոնակարգում փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարել։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Կանոնակարգին ծանոթանալուց հետո մեզ հետ զրույցում կիսեց իր տպավորությունները՝ գեղեցիկ շարադրված մտքեր են, բայց թե գործնականում ինչպես կյանքի կկոչվեն, դա է խնդիրը․ «Ձեւակերպումների մեծ մասը վերցված է միջազգային, Եվրախորհրդի ուղեցույցից՝ սահմանագծման, սահմանազատման վերաբերյալ։
Այստեղ ամենակարեւորը նախաբանում ամրագրվածն է՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի քարտեզը, որը նշանակում է՝ այն բարձունքները, որ գրավել են (ադրբեջանցիները) 2021 թվականի մայիսից հետո, պետք է պարտադիր վերադարձնեն՝ Ջերմուկ, Սեւ լիճ, Շորժա եւ այլն։ Բայց գիտեք՝ մի բան է գրելը, մի բան՝ անելը, գուցե անեն, բայց կանոնակարգը հասնի խորհրդարանի վավերացմանը, մերժեն»։
Քարտեզագետի խոսքով՝ այս կանոնակարգը չի տարածվում անկլավների, այդ թվում` Տիգրանաշենի վրա, քանի որ խոսքը միջպետական սահմանի մասին է, իսկ անկլավների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա։ «Մասշտաբային քարտեզների հիշատակումն էլ է դրական, այդ քարտեզներով մանրակրկիտ երեւում են շենքեր-շինությունները, պետք է մանրակրկիտ լինի, որ իմանաս՝ որտեղով անցկացնել սահմանի գիծը։ Բայց, կրկնում եմ՝ մի բան է գրելը, մի բան՝ ընդունել-կատարելը»:
Բաց մի թողեք
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել. Լուսանկար
Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց
Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով