23/10/2024

Զինծառայող Էդգար Ալեքսանյանին հասցրել են ինքնասպանության. կալանավորվել է վերջինիս ծառայակիցը

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեն, 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։

«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: