09/10/2024

Ալիևի անհավատալի արկածներն Իտալիայում՝ ոչ միայն որպես Ադրբեջանի նախագահ, այլև՝ ՌԴ նախագահի «լիազոր ներկայացուցիչ»

Իտալական Չերնոբիո բնակավայրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունենում միջազգային բիզնես ֆորում՝ «Ապագա գլոբալ մարտահրավերներն ու նրանց ազդեցությունը բիզնեսի վրա» խորագրով:

Այն անցկացվում է արդեն 50-րդ անգամ եւ հոբելյանական այդ ֆորումին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը պաշտոնական այց է կատարել Իտալիա: ֆորում մասնակցելու են Իտալիայի նախագահն ու վարչապետը, Հունգարիայի նախագահ Օրբանը: Ֆորումին մասնակցելու է նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Իլհամ Ալիեւը Իտալիա է մեկնել մոտ երկու շաբաթ առաջ Բաքվում մեծ պատվով ու ջերմությամբ ընդունելով ՌԴ նախագահ Պուտինին: Ընդ որում, ռուսական կողմը ընդգծում էր Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերության զարգացումը, նշելով, որ այդ ամենը բխում է 2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինա ներխուժումից երկու օր առաջ ստորագրվածծ ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի տրամաբանությունից:

Իլհամ Ալիեւի մասնակցությունը Ռուսաստանի հետ դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող Եվրոպայում անցկացվող ֆորումին, այն էլ Ուկրաինայի նախագահ Զելենսկու ներկայությամբ, նու՞յնպես բխում է ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի եւ հարաբերության ոգուց: Մեծ հավանականությամբ՝ այո: Իլհամ Ալիեւը իտալական ֆորումում թերեւս Պուտինի ներկայացուցիչն է:

Եվ սա որեւէ կերպ «գաղտնիք» չէ նաեւ եվրոպացիների համար: Ալիեւի այցն Իտալիա, որն այսօր դեպի Եվրոպա ադրբեջանական գազի գլխավոր մուտքն է, թերեւս տեղավորվում է այն մեծ գազային բանակցության մեջ, որ այսօր վարվում է ուկրաինական տարանցիկ խողովակի ապագա պարունակության շուրջ: Այսօր այդ խողովակի պարունակությունը ռուսական գազն է: Սակայն, պայմանագիրը լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Մատակարարումը ոչ մի օր չի ընդհատվել անգամ պատերազմի պայմաններում:

Որեւէ խափանում չի եղել անգամ այն բանից հետո, երբ ուկրաինական զինուժը մտնելով ՌԴ Կուրսկի մարզ, գրավեց սահմանային Սուջա քաղաքում գազաբաշխիչ խոշոր կայանը, որը դեպի Ուկրաինա ռուսական գազի այսպես ասած վերջին կետն է: Եվ ուշագրավ է, որ հենց դրանից հետո հանկարծծ հայտարարվեց, որ պետական այցով Բաքու է մեկնում Պուտինը:

Ամիսներ առաջ Բլումբերգ գործակալությունը գրել էր, որ Եվրամիությունը, մասնավորապես նաեւ Գերմանիան, Ուկրաինային փորձում են համոզել երկարաձգել պայմանագիրը, կամ պայմանավորվել այլ երկրի գազի տարանցման մասին:

Կիեւը հայտարարել է, որ դեմ չէ երկրորդ տարբերակին: Իսկ այդպիսի տարբերակ դիտարկվում է ադրբեջանական գազը, որը ՌԴ տարածքով կհասնի Ուկրաինա, իսկ հետո՝ Եվրոպա: Այստեղ կա իհարկե մյուս հարցը՝ Ադրբեջանն ի վիճակի՞ է մատակկարարել այդքան գազ, թե՞ ադրբեջանական գազի անվան տակ Եվրոպա կգնա ռուսականը:

Ի դեպ, ըստ տարբեր գնահատականների, այսօր հարավային գազամուղով էլ, այդ թվում Իտալիայի տարածքով, Եվրոպա հասնում է զգալիորեն նաեւ ռուսական գազը, քանի որ Ադրբեջանն ինքը չունի մատակարարումը այդքան ավելացնելու գործնական հնարավորություն: Իսկ մատակարարումն ավելացել է:

Այդպիսով, բավականին ակնառու է, որ տեղի է ունենում բազմաշերտ բանակցություն, որի դրվագներից մեկն էլ ծավալվելու է Իտալիայում, ուր Իլհամ Ալիեւը մեկնել է ոչ միայն որպես Ադրբեջանի նախագահ, այլ նաեւ՝ ՌԴ նախագահի «լիազոր ներկայացուցիչ»: