05/10/2024

Նալբանդյան գյուղը մոտ 17 տարի ղեկավարած Գրիգոր Մկրտչյանը մի քանի տարին մեկ քրեական պատմությունների մեջ է հայտնվում

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղը մոտ 17 տարի ղեկավարած Գրիգոր Մկրտչյանը մի քանի տարին մեկ քրեական պատմությունների մեջ է հայտնվում։

Հրապարակ թերթը գրել է․ Դեռեւս չի մոռացվել 2019 թվականի քրեական գործը, երբ Մկրտչյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, եւ դատապարտվել 550 հազար դրամ տուգանքի, այժմ էլ, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, նա մոտ 40 միլիոն դրամ գումար յուրացնելու մեջ է մեղադրվում։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցում են՝ քրեական վարույթը նախաձեռնվել է յուրացման հատկանիշներով: Չնայած յուրացման չափերին եւ անձի զբաղեցրած պաշտոնին, դատարանը որոշել է խափանման միջոց ընտրել ոչ թե նախնական կալանքը, ինչպես արվում է ընդդիմադիրների դեպքում, այլ՝ տնային կալանքը եւ 10 մլն դրամ գրավը: Գործով նախաքննությունը շարունակվում է։

Գրիգոր Մկրտչյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը չցանկացավ խոսել այս գործի մանրամասների մասին, միայն նշեց՝ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում․ «Այլ տվյալներ չեմ կարող հայտնել, քանի որ ես կաշկանդված եմ պաշտպանյալիս կամքով»։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի պաշտոնավարումը դադարեցված է։

Մեծամորի համայնքապետարանից էլ փոխանցեցին, որ Նալբանդյան գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Լաչինյանը, ով նաեւ Նոր Արտագերս գյուղի վարչական ղեկավարն է։ Այսինքն՝ միանգամից երկու գյուղի վարչական ղեկավար է աշխատում, չնայած Նալբանդյանը մեծ գյուղ է, եւ այն այլ համայնքի հետ համատեղելը, եթե անգամ օրենքով արգելված չէ, ապա ֆիզիկապես անհնարին է:

Նշենք, որ Գրիգոր Մկրտչյանը հեռավոր 2013-ին էլ է դատապարտվել․ նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն եւ ղեկավարել այն: Անձամբ կազմակերպել է Նալբանդյան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման եւ լվացման, ավազի վաճառքի գործընթացը, որի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր տնտեսվարող ընկերությունների ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ` լվացված ավազի մատակարարման, դրա արժեքի եւ վճարումների հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաեւ` գնորդ ընկերությունների ներկայացուցիչներին անձամբ տրամադրել լվացված ավազի վաճառքի դիմաց հաշվապահական փաստաթղթեր: Այսինքն՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ինչպես նաեւ «չարամտորեն խուսափել» են պետական բյուջե վճարել 7 մլն 325 հազար 520 դրամի հարկեր եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ: Գործի քննության ընթացքում Գրիգոր Մկրտչյանը պետբյուջե է վճարել 7 մլն 443 հազար 500 դրամ գումար: Դատարանը Գ. Մկրտչյանին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն կիրառելով համաներում՝ ազատել էր պատժի կրումից: Ընդ որում, առանց պաշտոնավարման իրավունքից զրկելու: