Իշխող ֆրակցիան աշնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորեց հակաարցախյան հայտարարություններով, ամենաբարձր՝ ԱԺ խոսնակի մակարդակով Արցախի եւ արցախյան հատկապես քաղաքական վերնախավի դեմ հայտարարություններ, զազրախոսություններ, սպառնալիքներ հնչեցին խորհրդարանում:
Հրապարակ թերթը գրել է․ Ոչ միայն Արցախի օրը չնշեցին, չշնորհավորեցին, ոչ միայն մեր երկրի արտաքին խնդիրներով, պարզվեց, հետաքրքրված չեն, այլ նորից զբաղված են հայ ժողովրդին պառակտելով: Այս հակաարցախյան գրոհը, թերեւս, պայմանավորված է արցախցիների վերջին շրջանի ակտիվությամբ։
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, ԱՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները կոշտ քննադատություններ հնչեցրին Փաշինյանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին, դրանից հետո էլ, ասես պայմանավորված, օրը մեկը եթեր է գնում եւ հակադարձում փաշինյանական կեղծ թեզերին, թե Արցախում կազմակերպված հեղաշրջում է եղել, որ հանձնեն, եւ հանձնման մեղավորը Սամվել Շահրամանյանն ու իրեն աջակցած քաղաքական ուժերն են։ Սեպտեմբերի 7-ին էլ «Երազ» այգում արցախցիների համար միջոցառում էր կազմակերպած՝ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով, որին ավելի քան 20 հազար արցախցի էր մասնակցում։
Հավանաբար, արցախցիների ակտիվությունը նյարդայնացրել է վարչակարգին, եւ սրանով է պայմանավորված, որ շաբաթ օրվա միջոցառմանը «Երազ» այգու հարակից սրճարանները մինչեւ անգամ հրաժարվել են զուգարան տրամադրել միջոցառման մասնակից արցախցի տարեցներին ու երեխաներին: Սակայն իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խնդիրը միայն այդ ակտիվությունը չէ, այլ հակաարցախյան շեշտադրումներն ասպարեզ բերելը քաղաքական հաշվարկ է՝ ՔՊ-ի նախընտրական քարոզչական գլխավոր թեզերից մեկը, որը թմբկահարելու են առաջիկա նախընտրական ժամանակաշրջանում՝ այդպիսով լեզվակռվի մեջ ներքաշելով Արցախն ու արցախցիներին պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին: Նախորդ ընտրությունների հակահերոսը նախկին իշխանություններն էին, հաջորդինը կլինեն արցախցիները, որոնց կմեղադրեն Հայաստանի եւ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների մեջ: Իսկ Արցախ վերադարձի մասին խոսողներին էլ ռեւանշիստ ու պատերազմի հրձիգներ կներկայացնեն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ասաց, որ պետք է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը եւ վերանայել Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք՝ այդ ֆորմատն այլեւս չեղարկելու, որովհետեւ ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի, եւ նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որեւիցե մեկն այլեւս չունի»,- ասաց ԱԺ նախագահը խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիրները հետաքրքրվում էին, թե ինչու միջխորհրդարանական նիստ չի հրավիրում։ Ապա ինքնակամ նետվեց լրագրողների գիրկը, որ շարունակի հակաարցախյան գիծը՝ շարունակելով դահլիճում ասածները։
Իսկ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի երեկվա վտանգավոր հայտարարությունը, ըստ որոշ տեղեկությունների, բուռն քննարկումների առիթ է դարձել ԱԳՆ-ում։ Հովհաննիսյանը որպես արցախցիների բռնի տեղահանման հիմք ներկայացրել էր Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանին է մեղադրում արցախցիների գաղթի համար։ Արթուր Հովհաննիսյանը, երեկ դիմելով ընդդիմադիրներին, հայտարարեց․ «Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավեր չէ»: «Եկել ասում եք՝ այդ փաստաթուղթը վավեր չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում»,- շեշտեց ՔՊ-ականը։
Մինչդեռ անգամ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետեւանքով են 100 հազար արցախցիներ ստիպված տեղահանվել Հայաստան։ «Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- հայտարարել էր Փաշինյանը։
Բաց մի թողեք
«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադներ են ստեղծել
Ով է կտրել 45 բարդին․ Լուսանկար