22/12/2024

Նա, որպես նախկին լրագրող լավ գիտի, ով ում դեմ է հոդված պատվիրում

Պարզվում է՝  Նիկոլ Փաշինյանին այժմ միայն մի հարց է մտահոգում, եւ այն ոչ թե արտաքին մարտահրավերների ու թշնամու սպառնալիքների, պետության կայունության, մարդկանց բարեկեցիկ ապրելու վերաբերյալ է, այլ իր իշխանության վերարտադրության։ 

Հրապարակ թերթը գրել է․ Մենք գրել էինք, որ Սեւանի իր առանձնատանը Փաշինյանը շաբաթ օրը մեծ հավաք է կազմակերպել, հրավիրել է ՔՊ-ական պատգամավորներին, կառավարության անդամներին, մարզպետներին, համայնքապետերին, ինչպես նաեւ՝ ֆորմալ առումով անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ական նախագահ Վահագն Խաչատուրյանին, ով հավաքի սկզբից մինչեւ վերջ անկաշկանդ շփվել է բոլոր ներկաների հետ, կատակներ արել, պարել, ուրախացել։

Գրել էինք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ անգամների, քաղաքական ելույթներ չի ունեցել, անգամ բաժակաճառեր չի ասել, դիտողություններ չի արել, հրահանգներ չի իջեցրել։ Մինչդեռ ամառային արձակուրդում գտնվող ՔՊ-ականները սրտատրոփ գնացել էին այս հավաքին՝ հասկանալու, թե առաջիկայում ինչ է սպասվում` ինչ իրադարձություններ, եւ ճշտելու իրենց անելիքները։

Մեզ պատմեցին, որ, այդուհանդերձ, երբ Փաշինյանը բաժակը ձեռքին մոտեցել է ֆուրշեթի սեղանի մոտ խմբված ՔՊ-ականներին եւ բաժակ խփել, երկար զրույց է ունեցել ՏԻՄ ներկայացուցիչների՝ մարզպետների եւ համայնքապետերի հետ։ Նա նախապես փորձել է կանխել հակադարձումներն ու արդարացումները եւ ասել է, որ ինքը բոլորի մասին ամեն ինչ գիտի, գիտի անգամ, թե ով ում հետ է լավ, ով ում տակն է փորում, ով ում դեմ է պատվերով հոդվածներ տպագրել տալիս: Նաեւ կատակել է, թե` մոռացե՞լ եք, որ նախկինում լրագրող եմ եղել, եւ հորդորել է լինել միասնական, համերաշխ, իրար հետեւից չբամբասել, իրար միս չուտել, դրանից ո՛չ թիմն է շահելու, ո՛չ էլ անձամբ իրենք ու իրենց ղեկավարած համայնքը։ Ավելին՝ շեշտել է, որ ինչ էլ փորձեք ծածուկ անել, միեւնույն է` իմանալու եմ ու պատժելու եմ, քանի որ բոլորի միասնական աշխատանքից է կախված լինելու հաջորդ ընտրությունների արդյունքը։

ՏԻՄ ներկայացուցիչների հետ շփման ընթացքում նաեւ իր դժգոհությունների մասին է ակնարկել, թե բավական է ձեր դիրքը, պաշտոնը վայելքների համար օգտագործեք, պետք է այսուհետ շատ շփվեք մարդկանց հետ, 24/7 ռեժիմով քաղաքացիների ընդունելություններ, «մերձեցման» միջոցառումներ կազմակերպեք, լսեք ձեր բնակիչների խնդիրները, կաշվից դուրս գաք՝ դրանց լուծում տալու համար։ Փաշինյանն ասել է, որ  այսօրվանից եւ անգամ ավելի վաղուցվանից էր պետք աշխատել 2026 թվականի ընտրությունների ուղղությամբ, իսկ ներկայիս ռեսուրսներով, ներկայիս պառակտված թիմով հնարավոր չի լինելու վերարտադրվել։

Ի դեպ, ՔՊ-ականները հավաքույթի սկզբում աստիճանակարգված խմբերի են բաժանվել․ պատգամավորները՝ իրար հետ, նախարարները՝ իրար, համայնքապետերն ու մարզպետները՝ իրար, բայց կեսից, երբ արդեն բոլորի քեֆը լավացել է, խառնվել են իրար ու որպես իշխանական համերաշխ էլիտա՝ պարել-ուրախացել։