Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստ էր հրավիրվել։ Կազմակերպիչը Հայաստանի հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանն էր։
Ելույթներով հանդես եկան Առողջապահության նախարարությունից Արմինե Աղաջանյանը, ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ։
Քննարկման հիմքում դրված էին սուիցիդի պատճառները՝ ինքնասպանության գնացող խմբերը՝ տարիքային խմբերը, ինքնասպանության գիտակցված ու չգիտակցված լինելը և այլն։
Ինքնասպանությունների պատճառով աշխարհում տարեկան 700 հազար մարդ է մահանում։ Սուիցիդների թիվն էլ տարեց-տարի մեծանում է՝ պատճառը աշխարհում բազմաթիվ ռազմական կոնֆլիկտներն են, տնտեսական ճգնաժամները, հիվանդություններն ու հարակից այլ խնդիրներ։
«Տարբեր երկրներում ընթացող պատերազմները, ազգամիջյան կոնֆլիկտները, հետպատերազմյան ճգնաժամերը, սոցիալ-տնտեսական գործընթացները, մարդկանց տարաբնույթ հիվանդությունները և այլն՝ պատճառ են հանդիսանում ինքնասպանությունների թվի աճի»,- ասաց Վարդանյանը։
Ինքնասպանությունների տարիքային շեմը ևս երիտասարդացել է՝ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ինքնասպանության գնում, իսկ հաստատուն երկրորդ, երրորդ, իսկ երբեմն էլ չորրորդ տեղում է մանկական ինքնասպանությունը։ Մանկական ինքնասպանության առանձնահատկությունն այն է, որ սովորաբար այդ քայլին դիմող երեխաները չեն գիտակցում մահի անդառնալիության սպեցիֆիկան, և դա համարվում է չգիտակցված ինքնասպանություն, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ինքնասպանություն չի համարվում։ Ծերերի շրջանում ինքնասպանությունների թիվը ևս բավականին մեծ է, հատկապես 60-ն անց տղամարդկանց շրջանում։ Հասուն կանայք ինքնասպանությունների ավելի քիչ են դիմում, քանի որ երեխաների, թոռների նկատմամբ պատասխանատվության զգացումը չափազանց խորն է արտահայտված։
Առանձին տեղ են զբաղեցնում հետպատերազմական դեպրեսիաների հետևանքով ինքնասպանությունները, որոնց մասով, սակայն, Հայաստանում նպատակային հետազոտություն չի արվել և ոչ էլ կա կոնկրետ վիճակագրություն:
Ինքնասպանությունների աճը բնական է նաև, քանի որ երկրագնդի բնակչությունն էլ է աճ արձանագրում՝ ներկայացնում է պրոֆեսոր Կամո Վարդանյանը:
Ինքնասպանությունների սովորաբար դիմում են հոգեբանորեն թույլ կամ տևական ժամանակ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ, իսկ ավելի հաճախ, կոնկրետ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ:
«Հայաստանում ինքնասպանությունների մասին ամբողջական տվյալներ առկա են հիմնականում 2009 թվականից սկսած: Պաշտոնական վիճակագրությամբ 2009-2023 թվականներին Հայաստանում ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է 2852 ինքնասպանություն, այսինքն, միջինում ամեն տարի շուրջ 190 մարդ ինքնասպանություն է գործել»,-ասաց պրոֆեսորը:
Ընդ որում Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանություն գործում, այսինքն, տարեկան շուրջ 140 տղամարդ և մոտ 45 կին ինքնասպան են լինում:
Ինքնասպանություն գործածների մեջ գերակշռում են 35-ից 68 տարեկանները, նրանց շարքում մեծ թիվ են կազմում տարեցները՝ 62 տարեկանից բարձր տարիքային խումբը։ Արական սեռի մոտ 35-65 տարիքային խմբին բաժին է ընկնում ինքնասպանությունների 45.5 տոկոսը:
Ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի աճ է արձանագրվել 2022 թվականներին՝ նշեց Կամո Վարդանյանը:
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն վերջին երեք տարիների ընթացքում 65 տարեկանների և ավելի բարձր տարիքային խմբերի ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի թիվն էլ է աճել: Վերջին հրապարակված տվյալների համաձայն, վերջին երեք տարիներին ինքնասպանություն գործածների տարիքային խումբը հիմնականում 18-29 տարիքային շեմում գտնվող անձինք են: 2024 թվականի սկզբից մինչև հունիսի կեսերը Հայաստանում գրանցվել է 94 ինքնասպանություն:
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Հարյուր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծը՝ բողոքի ցույց են անում․ Լուսանկար