19/09/2024

«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար

Ռայան Ուեսլի Ռութը կասկածվում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ այս տարի իրականացրած երկրորդ մահափորձի մեջ։ Այս մասին գրում է Fox News-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով։

«Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մեջ կասկածվողը Ռայան Ուեսլի Ռութն է։ Նա Թրամփից եղել է 300-500 յարդ հեռու»,- գրում է Fox News-ը։

Ռութը, ենթադրաբար, զինված է եղել ինքնաձիգով: Նա կարողացել է ատրճանակի փողն անցկացնել ցանկապատի միջով և կրակոցներ արձակել, երբ Թրամփը գոլֆ խաղալուց հետո ակումբից դուրս գալիս է եղել: Դրանից հետո գաղտնի ծառայությունը նկատել է Ռութին և կրակ բացել, ասվում է հոդվածում: Ռութին հաջողվել է փախչել, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են:

Թրամփը հաստատել է իր դեմ կատարված մահափորձի փաստը. նա հայտնել է, որ չի տուժել։

Հավելենք նաև, որ Ռութը 2022 թվականին տասնյակ գրառումներ է արել X հարթակում՝ հայտարարելով, որ պատրաստ է «մեռնել ռազմադաշտում», և որ «պետք է այրել Կրեմլը»։

«Ես պատրաստ եմ թռչել Կրակով և գնալ Ուկրաինայի սահման՝ որպես կամավոր, կռվելու և զոհվելու… Թող օրինակ լինեմ, մենք պետք է հաղթենք», – գրել է Ռութը 2022 թվականին։

CNN-ը գրում է, որ 2023 թվականին Ռութն օգտագործել է իր ֆեյսբուքյան էջը՝ խրախուսելու օտարերկրացիներին մասնակցել պատերազմին Ուկրաինայի կողմից։ Նա նաև իրեն անվանել է Ուկրաինայի կառավարության «ոչ պաշտոնական միջնորդ» և կոչ է արել աֆղանացի զինվորականներին կռվել Ուկրաինայի համար։