19/09/2024

Պուտինին «չի հաջողվել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հարցում համոզել Հնդկաստանի վարչապետին»

Պուտինին «չի հաջողվել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հարցում համոզել Հնդկաստանի վարչապետին», «ասել է Էրդողանի գրասենյակի իրազեկ աղբյուրը»:

Այդ դեպքում Թուրքիան ինչու՞ է այդ կազմակերպությանը անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացրել: Ընդ որում, նման որոշում ընդունել է նաեւ Ադրբեջանը: ԲՐԻԿՍ-ի Կազանում գումարվելիք գագաթաժողովին մասնակցության հրավեր ստացել են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նախագահները:

Գագաթաժողովի բացմանը մնացել է մեկ ամսից պակաս ժամանակ, բայց Թուրքիան դեռեւս նախագահ Էրդողանի մասնակցությունը պաշտոնապես չի հաստատել։ «Մոսկվայում Էրդողանին սպասում են, բայց նա չի շտապում»,—իրավիճակն այսպես է բնութագրել Բաքվի իշխանական լրատվամիջոցը։

Վլադիմիր Պուտինի Բաքու երկօրյա այցը Մոսկվա-Թեհրան հարաբերություններում գրեթե ճգնաժամ է հարուցել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերստին հայտարարել է, որ Իրանը կդիմադրի իր շահերը շրջանցող ցանկացած քայլերի, եթե անգամ դրանք ռազմական լինեն:

Իրանի նախագահը փորձում է հաղթահարել տնտեսական մեկուսացվածությունը, ինչին ի պատասխան Արեւմուտքը փաստացի պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի Մոսկվային ռազմական աջակցությունը:

Այս իրավիճակում Ռուսաստանի նախագահը բացահայտել է, որ Կազանում ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիր չի ստորագրվի եւ Իրանի նախագահին Մոսկվա «առանձին այցով» հրավեր է արել:

Մոսկվա-Թեհրան ռազմավարական պակտի հետաձգումը երկիմաստ կացություն է ստեղծում Ադրբեջանի համար: Մի կողմից դա Բաքվին ձեռնտու է, որովհետեւ տրանզիտի հարցում Իլհամ Ալիեւը ալիբի է ստանում. ինքը համաձայն էր, բայց Մոսկվան եւ Թեհրանը «չկարողացան պայմանավորվել»:

Մյուս կողմից, Արեւմուտքի համար Բաքվի հետ «աշխատելու» հավելյալ ասպարեզ է բացվում: Մոսկվան, երեւում է, Հայաստանի հարավում հաղորդակցությունների վերաբացմանը ձգտում է մոտենալ «հակառակ կողմից»: Երեւանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ հաղորդակցությունները կգտնվեն Հայաստանի իրավազորության ներքո:

Նա վերջերս Բաքվում է գտնվել, եւ արդյոք խնդիրը նույն սկզբունքով է ներկայացրել նաեւ այնտեղ: Եթե այդպես չէ, ի՞նչ իմաստ ուներ Օվերչուկի Երեւան այցը: Եթե դա Մոսկվայի իրական գործնական մոտեցումն է, ապա Իլհամ Ալիեւը «չարիքի առանցքին» միանալու կամ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ի՞նչ մոտիվացիա պիտի ունենա:

Մանավանդ, եթե Հնդկաստանը Թուրքիային ԲՐԻԿՍ-ի անդամակցությանը դեմ է Պակիստանի պատճառով, ինչպես ասում է Անկարայի աղբյուրը, ապա նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Ալիեւը երկու ամիս առաջ Ջամու-Քաշմիրի հարցում Պակիստանին անգամ ռազմական օգնություն ցուցաբերելու խոստում է տվել:

Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը, կարծես, միջազգային քաղաքականության առումով նրա համար «գործիքակազմից» վերածվում է հավելյալ բարդությունների: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի հավանական կրիզիսից խուսափելու համար Ռուսաստանը մշակում է կազմակերպության գործընկեր երկրի չափորոշիչներ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ այդ հարցում համաձայնություն կկայանա: Ըստ տեղեկությունների, Հնդկաստանն առաջարկում է, որ գագաթաժողովը գումարվի կոնսենսուսի սկզբունքով: