Թուրքիայի արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Բալաթ Օզթյուրքն «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում ասել է, որ Անկարան ձգտում է ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտին եւ առաջարկում է խաղաղ բանակցություններ՝ հաշվի առնելով Ուկրաինայի շահերը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան «աներեր սատարում է Ուկրաինային»: Ընդսմին, ինչպես նա է ձեւակերպել, այդ «աջակցությունը պայմանավորված չէ միայն Ղրիմի թաթարների հարցով»:
Ավելի վաղ Էրդողանը միանշանակորեն հայտարարել է, որ Թուրքիան «չի ճանաչում Ղրիմի անեքսիան»: Ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից ի վեր Թուրքիան ամենատարբեր մակարդակներով իր շահագրգռվածությունը կապել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հետ:
Ղրիմը թաթարներից, հայերից և հույներից «մաքարագործվել է» 1944 թվականին՝ թերակղզին գերմանական օկուպացիայից ազատագրելուց հետո: Ֆորմալ հիմնավորումն այն էր, որ թաթարները «համագործակցել են ֆաշիստական ռեժիմի հետ»:
Փաստացի տեղի է ունեցել Ղրիմի ոչ ռուս բնակչության բռնատեղահանություն: Բայց, իհարկե, միամտություն կլիներ ասել, որ Թուրքիան բացառապես մարդասիրական խնդիր է հետապնդում: Ղրիմը ռազմավարական-աշխարհաքաղաքական հանգուցային նշանակություն ունի:
Էրդողանի հայտարարությունից հետևում է, որ Ղրիմի ռուսաստանապատկանությունը սահմանափակում է թուրքական ներկայության հեռանկարը, իսկ եթե վերականգնվի Ուկրաինայի իրավազորությունը, ապա Անկարայի համար ավելի հեշտ կլինի:
Եթե պատմական հիշողությունը ռազմա-քաղաքական ծրագրավորումներում դեր ունի, իսկ դա այդպես է, ապա պետք է հաշվի առնել, որ Ղրիմը, Մոլդովայի և այն սուբռեգիոնի տարածքի մի զգալի մասը, որ Մոսկվան «Նովոռուսիա» է անվանում, մի քանի դար Օսմանյան կայսրության մասն են կազմել: Ամենևին էլ պատահական չէ, որ Թուրքիան սերտ կապեր ունի Մոլդովայի գագաուզական ինքնավարության հետ:
Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա ռուս-ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածության ջանքերը հետապնդում են մի նպատակ՝ Ղրիմում ունենալ երաշխավորված ներկայություն: Հաջողության դեպքում Թուրքիան «աչքեր» կունենա ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև՝ Արևելյան Եվրոպայում:
Աշխարհաքաղաքական իմաստով 2022թ. ապրիլին «տապալելով» ռուս-ուկրաինական Ստամբուլյան պայմանավորվածությունները, Միացյալ Նահանգները փաստացի կասեցրել է Սև ծովում և նրա արևելյան ու արևմտյան ափերին ռազմական ազդեցություն հաստատելու Թուրքիայի ծրագիրը:
Անցած երկուսուկես տարիներին կարելի է եզրակացնել, որ Մոսկվան և Անկարան այդ հարցում պայմանավորվածությունների չեն հասել: Իսկ այսօր տարաձայնությունները բացահայտված են: Թուրքիայի «ղրիմյան ժանիքները» միայն Ռուսաստանի՞ դեմ են, թե՞ նաև այլ նպատակներ ունեն: Սև ծովի կարգավիճակի հարցում Ռուսաստան-Արևմուտք պայմանավորվածություններ հնարավո՞ր են:
Ռուս-թուրքական սիներգիայի ժամանակն ավարտվու՞մ է: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև Մոսկվա-Անկարա ոչ բանակցունակ իրավիճակն, անկասկած, ազդելու է նաև Հարավային Կովկասի կարգավորումներին: Եթե Ղրիմի հանդեպ Թուրքիայի շահագրգռվածությունն այդքան սուր է, ապա միայն պատկերացնել կարելի է, թե Անկարան ինչ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որն ի վերջո Կովկասում Ռուսաստանի «պլացդարմն» է:
Բաց մի թողեք
«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի «երկրորդ տարբերակը»
Այսպես խոսում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները