22/11/2024

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին՝ եվրոպացի հանձնակատարների նոր խորհուրդն անվանելով «ավելի կոմպակտ» և «ինտերակտիվ»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ նա ընտրել է տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կյանքի տարբեր խավերից, տարբեր փորձառություններով:

«Բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, որը պատասխանատու է ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար, նա առաջարկել է Ֆրանսիայի ներկայացուցիչ, գործող ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։

«Ստեֆան Սեժուրնեն կնշանակվի Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, որը պատասխանատու է ԵՄ-ի բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար: Նա կղեկավարի աշխատանքները՝ ստեղծելու պայմաններ ՓՄՁ-ների բարգավաճման, ներդրումների և նորարարության, տնտեսական կայունության, առևտրային և տնտեսական անվտանգության համար»,- նշել է ֆոն դեր Լայենը: