20/09/2024

Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասը կփոխհատուցվի: ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել։

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝31,240․7 հազ․ դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։

Այսպիսով առաջարկվում է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 122 մլն 380 հազար դրամ։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված առաջնային, կենսական նշանակության վնասի փոխհատուցումը։