20/09/2024

«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով

ԱԱԾ-ի կողմից պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին աղմկահարույց բացահայտումն, անշուշտ, ցնցող էր որպես պետականության դեմ ուղղված գործողություն, սակայն անակնկալ չէր՝ հաշվի առնելով 2018-ից և մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո երկրում առկա մթնոլորտն ու այն կոչերը, որոնք պարբերաբար հնչեցնում են շահագրգիռ հայտնի խմբակները՝ ծպտվելով ընդդիմադիր զանազան «շարժումների» անվան տակ։

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է հակաիշխանական դավադրությունների, «կոնտրհեղափոխություն», նույնն է թե՝ հեղաշրջում իրականացնելու հայտնի սուբյեկտների անթաքույց նպատակների մասին, էլ չասենք՝ լրտեսների մասին թափանցիկ ակնարկները: «Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի հետևից»,- 2019-ին ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես զգուշացրել էր Փաշինյանը՝ հավելելով՝ «կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու»: Փաշինյանը ՀՀ-ի պետականության դեմ հայտարարված և շարունակվող հիբրիդային կատաղի արշավի մասին քանիցս խոսել է նաև հետպատերազմական շրջանում, արշավ, որի իրականացման գործիքներից մեկն էլ հայ ժողովրդի հայրենասիրական մղումները շահարկող զանազան շարժումներն են։

ԱԱԾ-ի բացահայտման մասին ՔԿ-ի վերջին հաղորդագրությունը, որում նշվում է ՀՀ, ինչպես նաև նախկին ԼՂՀ մի խումբ քաղաքացիների կողմից ամսական 220 հազար ռուբլի վճարի դիմաց իշխանությունը յուրացնելու, ՀՀ-ն «մաքրելու, փրկելու» նախապատրաստության մասին, ապացուցում է, որ ռազմա-հայրենափրկչությունը ոչ միայն դարձել է «սրիկաների վերջին հանգրվանը», այլև «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, ընդ որում՝ առատորեն վճարվող, մասնավորապես՝ ռուսական ռուբլով։ Դե իսկ նրանց «վերապատրաստման» վայրը, փաստորեն, ՀՀ ռազմավարական դաշնակից, ՀՀ ժողովրդավարության «ոխերիմ բարեկամ» ՌԴ-ն է, որի տարբեր պաշտոնատար անձինք անթաքույց կերպով դեռ 2021-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էին տալիս ՀՀ-ի նոր՝ իրենց համար «նախընտրելի», «հարմար» ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Օրինակ՝ Պետդումայի պատգամավոր, ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված Կոնստանտին Զատուլինը։

Թե ովքեր են իշխանության յուրացումը, հեղաշրջումը ձախողած սուբյեկտները՝ Քննչական կոմիտեն իր տարածած հաղորդագրության մեջ չի գաղտնազերծել՝ տեղ թողնելով բազմաթիվ ենթադրությունների։ Նշենք, որ կայքերից մեկը հայտնել է, որ բացահայտված անձանց թվում է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանության յուրացման համար ենթադրյալ յուրացնողներին վճարվելիք արժույթը եղել է ոչ թե հայկական դրամը, ԱՄՆ դոլարը կամ էլ թուրքական լիրան, այլ՝ ռուսական ռուբլին։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն ոչ միայն հեղաշրջման նախապատրաստման վայրն է, այլև հենց ՌԴ-ում են գտնվում այդ օպերացիայի ֆինանսական դոնորները։

Հաշվի առնելով ՀՀ-ում մեկնարկած հերթական փրկչական շարժումն ու դրա օրակարգը՝ օբյեկտիվ հարց է ծագում՝ արդյոք սույն՝ բացահայտված «փրկիչ-հեղաշրջիչները» կապ ունե՞ն և կամ սպասարկո՞ւմ են այս օրերին ծավալվող, Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող, ակնհայտորեն ՌԴ-ից ուղղորդվող (այդ մասին են վկայում Ռուսաստանի որոշ պրոպագանդիստական շրջանակների հայտարարությունները) «սրբազան պայքարի»-ի հետ։ Հարկ է նկատել, որ դեռ ամիսներ առաջ՝ մայիսին, երբ շարժումն իր տարերքի մեջ էր, ՀՀ արդարադատությունից փախած, ՌԴ-ում ապաստանած որոշ սուբյեկտներ, մասնավորապես ԴԱՀԿ-ի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը, «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանը, պաշտպանւթյան նախկին նախարար Արշակ Կարապետյանը և այլք իրենց հեռավար աջակցությունն էին հայտնել Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժմանն ու հորդորել համայն հայությանը ակտիվ մասնակցել շարժմանն ու «փրկել» հայրենիքը «անդարձ կործանումից»։ Մի շարք տեղեկատվական աղբյուրներ գրեցին, որ մասնավորապես մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան են «ներմուծվում» տարբեր քրեական հեղինակությունների հետ փոխկապակցված խմբեր, որոնք մայիսի 26-ի հանրահավաքում պետք է բախումներ հրահրեին։ Նշվում էր, որ հիշյալ սադրիչ խմբերը հովանավորվում էին Դոն Պիպոյի ու «Ախալքալաքցի Նորիկի»՝ Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանի կողմից, որոնցից յուրաքանչյուրին խոստացվել է 300$, գումարած՝ ճանապարհածախս։ ՌԴ-ում հայտնի գործարար Թևանյանը, ինչպես մամուլն էր ավելի վաղ գրել, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երբեմնի մտերիմ անձանցից է, որը մեծ ներդրում է ունեցել ՀՀԿ-ի և Ս. Սարգսյանի քաղաքական ընտրարշավների ժամանակ։ Այն, որ հատկապես Ռուսաստանի հայ համայնքը ակտիվորեն աջակցում էր իբրև թե տավուշյան սահմանազատման դեմ իրականացվող շարժմանը, հաստատվում է նաև այլ գործիչների հայտարարություններով։ Հիշեցնենք, որ Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները մայիսի 23-ին Մոսկվայի հայկական առաքելական եկեղեցու բակից ուղերձով դիմել էին ռուսաստանաբնակ հայերին՝ կոչ անելով ավտոերթով գալ Երևան՝ աջակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և մասնակցելու հանրահավաքին: «Այսօր կրկին հույս է առաջացել՝ հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը՝ համախմբվելու Սրբազանի շուրջ և սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր սիրում են մեր հայրենիքը, ովքեր իրենց արժանապատիվ հայ են համարում՝ մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաև Մոսկվա-Երևան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,-տեսաուղերձում հայտարարել էր Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսիսյանը: Մոսկվայի Պուշկինի շրջանի հայկական ազգային մշակութային ինքնավարության ներկայացուցիչ Արշակ Գրիգորյանն էլ իր հերթին էր կոչ արել ավտոերթով կանգնել շարժման և Բագրատ Գալստանյանի կողքին։

Ի դեպ, ոմանց գնահատմամբ՝ հեղաշրջման ձախողված փորձ էր նաև հունիսի 12-ին «սրբազան շարժման» «հուժկու» հանրահավաքը ԱԺ-ի դիմաց։ Շարժման աջակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը այն նախերգանքն էր, որը հաջողելու դեպքում, ըստ որոշ գնահատականների, պետք է գրոհ տեղի ունենար ԱԺ շենքի վրա, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցավ, և «խոսքերով հրաժարական չտվող Նիկոլ Փաշինյանը» պետք է պարտադրված հրաժարական տար ցուցարարների «գործուն միջամտությամբ»։ Հարկ է նկատել, որ այս հունիստասներկուսյան ձախողված օպերացիայից մի քանի օր անց՝ հունիսի 15-ին, ՌԴ հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, որն ի սկզբանե դեմ էր արտահայտվել Տավուշի հատվածում «հայկական հողերը զիջելուն» և իր աջակցությունը հայտնել շարժմանը, իր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարելէր՝ «Մենք պետք է կարողանանք միասին օգնենք Բագրատ սրբազանին իր միսիան կատարի։ Դա մեր իրավունքն է»։ Սա, նկատենք, վերջին վկայությունը չէ առ այն, որ Ռուսաստանը միջնորդավորված՝ ի դեմս հայազգի գործիչների, կամ ուղղակի՝ իր ազդեցության գործակալների միջոցով, աջակցում է ՀՀ-ում իշխանափոխության հերթական օպերացիային։

Նկատենք նաև, որ նախորդ տարի էլ՝ ԼՂՀ-ի բռնի հայաթափումից հետո, երբ երկրում կրկին սավառնում էր հեղաշրջման ուրվականը, ԱԱԾ-ն հայտնեց հերթական բացահայտված խմբի մասին, որը պլանավորում էր ահաբեկչություն իրականացնել։ «Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել են շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունեությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները»,- հայտնել էր ԱԱԾ-ն։

Հ. Մանուկյան