Կա տարածված մի տեսակետ, մտայնություն, որ Հայաստանը չի պայքարել անկախության համար, այլ ստացել է դրա հնարավորությունը ԽՍՀՄ անխուսափելի փլուզման շնորհիվ: Առերեւույթ, այդ տեսակետը գործնականում ենթակա չէ քննարկման եւ վիճարկման: ԽՍՀՄ-ը փլուզվել է, անկախություն են ստացել նախկին բոլոր 5 հանրապետությունները: Տեսականում, ֆորմալ իմաստով ամեն ինչ այդպես է:
Բայց, իրավիճակը գնահատել բացառապես այդ ֆորմալության մեջ, նշանակում է չպատկերացնել քաղաքական գործընթացների տրամաբանությունը, չպատկերացնել ընդհանրապես պետական անկախության փիլիսոփայությունը, չպատկերացնել աշխարհաքաղաքականության, ռեգիոնալության առանձնահատկությունները:
Օրինակ, ֆորմայի իմաստով հավասարապես նույն տրամաբանությամբ են անկախություն ստացել մերձբալթյան ու կովկասյան երկրները, բայց ըստ էության՝ փիլիսոփայության, կոնցեպտի, անվտանգային ճարտարապետության եւ աշխարհաքաղաքական հարաբերությունների իմաստով դրանք տարբեր ռեգիոններ են, հետեւաբար մերձբալթյան ու կովկասյան երկրների անկախության գործընթացնները ունեն հիմնավորապես տարբեր բաղադրություն, կառուցվածք, տրամաբանություն:
Այդ իմաստով, Հայաստանն անցնելով արցախյան առաջին պատերազմը՝ վարվել է անկախության համար: Սա նշանակու՞մ է, որ Հայաստանը չվարելով այդ պատերազմը՝ չէր ունենա անկախություն:
Առավել եւս, երբ այսօր կան նույնիսկ հանրային շերտեր, որոնք համոզված են, թե արցախյան հարցը հրահրվել է հենց Հայաստանի անկախության դեմ: Ավելին, այսօր ընդհուօպ իշխանությունից եկող մի նարատիվ է առկա, որ «ազատվելով» այդ հարցից, Հայաստանը ստացել է իրապես անկախ լինելու հնարավորություն:
Դա քաղաքական մանիպուլյացիա է, նվազագույնը: Արցախյան առաջին պատերազմը եղել է պատերազմ Հայաստանի անկախության համար, եղել է ռազմական ու քաղաքական պայքար Հայաստանի անկախության համար, այդ անկախության բովանդակության, քաղաքական կշռի, արժեքի համար՝ այն բարդ ու աշխարհաքաղաքական իմաստով խրթին պատմա-քաղաքական հետագիծ ունեցող ռեգիոնում, որի սահմանը բոլորովին Կովկասը չէ, այլ Մեծ Մերձավոր Արեւելքը:
Հայաստանը արցախյան պատերազմում ըստ էության պայքարել է այդ մեծ ռեգիոնում հայկական պետականության դերի, բովանդակության, կշռի, ընկալման համար: Եվ հաղթել է այդ պայքարում, թե ռազմական հմտության, թե դիվանագիտական եւ քաղաքական ռացիոնալ մտքի շնորհիվ:
Այսօր Հայաստանը ոչ թե ստացել է անկախության հնարավորություն, այլ կորցրել է այն պետական ընդգրկումը, որ ձեռք է բերել արցախյան պատերազմում պայքարի եւ ռազմական ու դիվանագիտական հաղթանակի շնորհիվ: Իհարկե, այդ կորուստը մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում չէ, որ տեղի է ունեցել:
Դա տեղի է ունեցել ըստ էության առաջին պատերազմում՝ անկախ հայկական պետականության համար այդ պայքարում հաղթանակից գրեթե անմիջապես հետո, երբ այդ հաղթանակը ենթարկվել է ոչ թե ռացիոնալ ու խորքային ըմբռնման արդեն պետականության համատեքստում, այլ ենթարկվել է տարատեսակ շահարկումների, խաղարկումների՝ անձնական կամ խմբային իշխանության ու հարստության համատեքստում:
Դա բերել է նրան, որ պայքարով նվաճված անկախության բովանդակությունը սկսել է պարտվել իշխանությանն ու հարստությանը, պետությունը սկսել է պարտվել անձնականին ու թայֆայականին, դեգրադացվել է հաղթանակի հասցրած ռազմական, քաղաքական ու դիվանագիտական միտքը, ի վերջո հանգեցնելով շղթայական իրադարձությունների, որոնք արդեն քաղաքական ու ռազմական կատակլիզմի են վերածվել վերջին տարիներին:
Սակայն դա բոլորովին այն մասին չէ, որ Հայաստանը չի պայքարել, չի կռվել անկախության համար եւ ըստ այդմ չի գիտակցել դրա արժեքը: Արժեքը գիտակցելով են պայքարում, ոչ թե պայքարելով են գիտակցում: Հետո գիտակցությունը սկսել է զիջել բնազդին:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
60 ամերիկացի կոնգրեսականներ պահանջում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար