21/11/2024

Ի՞նչ բովանդակություն է լինելու սեղանին, ինչպիսի՞ն են լինելու ՌԴ եւ ԱՄՆ բաժնեմասերը, ինչ ծավալով ․․․

Ադրբեջանը եւ Հայաստանը Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման կարեւոր շանս են ստացել,- Նյու-Յորքում «Թուրքական տանը» ՄԻացյալ նահանգների մի քանի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

Նա սահմանել է նաեւ, որ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում «տարաձայնությունների հաղթահարմանը ներդրումն է»: Մենք գտնում ենք, որ պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքն անձեռնմխելի է,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա գնահատմամբ, երկբեւետ աշխարհը, որ կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաեւ միաբեւեռ աշխարհը «դարձել է պատմություն, նոր աշխարհը կլինի բազմաբեւեռ»: Էրդողանը կրկնել է ՄԱԿ-ի կառույցների բարեփոխման վաղեմի թեզը:

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները խիստ կարեւորվում են այն ֆոնին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է ձեւավորել «հանդես գալով յոթերորդ գումարման Միլլի մեջլիսի առաջին նիստում»:

Իլհամ Ալիեւի գնահատմամբ՝ ադրբեջանական պետության թիվ մեկ խնդիրը զինված ուժերի կատարելագործումն է, մարտունակության բարձրացումը: Ընդ որում, նա այդ անհրաժեշտությունը պատճառաբանել է Ադրբեջանի «շուրջ իարվիճակով եւ Հայաստանում ռեւանշիստական տրամադրություններով»:

Ալիեւը փաստացի ասել է, որ եթե առանց բանակի ամրապնդման «ազատագրված շրջաններում վերականգնողական աշխատանքներ ծավալվեն, ապա հետագայում կարող են ծագել բարդություններ»: Ադրբեջանում, ըստ որոշ տեղեկությունների, հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են խմորվում:

Կառավարությունը քննադատության է ենթարկվում ոչ միայն «ազատագրված տարածքներում վերականգողական աշխատանքներին» հատկացվող գումարների սղության, այլեւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ առկախ թողնելու համար:

Պետության թիվ մեկ խնդիր հռչակելով զինված ուժերի հետագա կատարելագործումը, Իլհամ Ալիեւը նորընտիր խորհրդարանին քաղաքական ուղեգիծ է թելադրում: Ընդ որում, դա այն խորհրդարանն է, որ պետք է վավերացնի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը:

Խորհրդարանի ելույթում Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը «կարողացել է ամբողջ աշխարհին ստիպել, որ ընդունի քառասունչորսօրյա պատերազմի եւ «հակաահաբեկչական գործողության» արդյունքները»:

Ադրբեջանի նախագահը փաստացի դիրքավորվում է միջազգային քաղաքականության այն ճամբարում, որ նախապատվությունը տալիս է ոչ թե միջազգային իրավունքին, այլ՝ ուժի պարտադրանքին:

Որոշակի առումով Ալիեւը մարտահրավեր է նետում Հայաստանի քաղաքական ուժերին՝ ակնարկելով, որ «նախազգուշական քայլեր է ձեռնարկում, որպեսզի բացառի ռեւանշիստական պատերազմի հնարավոր հետեւանքները»:

Ալիեւի հայտարարության իրական հասցեատերն, այնուամենայնիվ, ադրբեջանական հանրությունն է: Նա հասկացնում է, որ ոչ ոք սոցիալական բարեկեցության ակնկալիքներ չպետք է ունենա, որովհետեւ «պատերազմի սպառնալիքը լիովին հաղթահարված չէ»: Ի՞նչ պատերազմի է նախապատրաստվում Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի շուրջ ի՞նչ խմորումների մասին է նա ակնարկում:

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմք համարելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի նորմերի հանդեպ հարգանքի անձեռնմխելիությունը, Թուրքիայի նախագահն ի՞նչ է հասցեագրում Իլհամ Ալիեւին? Իսկ գուցե դա դերաբաշխում է՞:

Փաշինյանը, Հայաստանի կառավարությունը, ԱԳՆ-ն, առայժմ որեւէ տեղեկություն չեն հրապարակել, թե արդյո՞ք նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ: Բայց, այն, որ հայ-թուրքական այդպիսի հանդիպում «հասունանում» է, ընթերցողի հետ քննարկել եմ անցնող օրերին, դիտարկելով դիվանագիտական մի շարք գործընթացներ: Մասնավորապես, օրեր առաջ տեղի էր ունեցել զրույց ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի եւ հայ-թուրքական կարգավորման թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի միջեւ:

Դրանից հետո Քըլըչը մեկնել էր Բաքու եւ հանդիպել Բայրամովի հետ, իսկ Գալուզինը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հետ ժամանել էր Երեւան եւ հանդիպել Փաշինյանին: Մեւնույն ժամանակ, դրանից մի քանի օր անց ռեգիոնալ այցով Բաքու, հետո Երեւան էր ժամանել ԱՄՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, որը Երեւանում բացի վարչապետի, ԱԳ նախարարի հետ հանդիպումներից, հանդիպել էր նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ինտենսիվ այդ քննարկումները հուշում էին, որ խոսակցությունն ունի որոշակի կոնկրետ առարկա, ինչպիսին կարող էր լինել Փաշինյան-Էրդողան շփման կազմակերպումը: Իհարկե դրա հնարավոր հարթակ դիտարկել էի ԲՐԻԿՍ գագաթնաժողովվը Կազանում, որը կայանալու է հոկտեմբերի վերջին: Սակայն, փաստորեն հնարավոր է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպում լինի ավելի վաղ՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակում:

Իհարկե գոնե առայժմ որեւէ բան հաստատված չէ, չկա պաշտոնական տեղեկատվություն, ինչը թերեւս նշանակում է, որ գուցե չկա նաեւ հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնություն: Դրա բացակայությունը տեխնիկական է, թե քաղաքական, դարձյալ դժվար է ասել, սակայն թուրքական պարբերականի հրապարակումը խոսում է այն մասին, որ մենք ըստ էության չենք սխալվել դիտարկելով, որ հավանաբար այդպիսի հարց է քննարկվում այն ինտենսիվ շփումների շրջանակում, որ ծավալվում էին վերջին օրերին:

Այստեղ անշուշտ առանցքային հարցը այն է, թե ի՞նչ բովանդակություն է լինելու սեղանին, եթե տեղի ունենա այդպիսի հանդիպում, եւ այդ բովանդակության հարցում ինչպիսի՞ն են լինելու օրինակ ՌԴ եւ ԱՄՆ բաժնեմասերը, ինչ ծավալով եւ ինչ հարաբերակցությամբ: Այն, որ Վաշինգտոնն էլ, Մոսկվան էլ աշխատել են այդ ուղղությամբ, ակնառու է:

Ընդ որում, ոչ միայն նրանց աշխատանքը, քանի որ ակտիվություն դրսեւորել են նաեւ Իրանը, որի նախագահը եւս մեկնել է Նյու Յորքո, ու Ֆրանսիան, որի ԱԳ նախարարը ժամանել էր Երեւան: Ի դեպ, Նյու Յորքում ծրագրվու՞մ է Փաշինյան-Փեզեշկիան հանդիպում: Համենայն դեպս, եթե տեղի ունենա հանդիպում Էրդողանի հետ, ապա թերեւս շատ կարեւոր կլինի նաեւ Փաշինյան-Փեզեշկիան հանդիպում ունենալը: