«Սպարտակի աշխուժությունն ու հանգստությունը զուգահեռվում էին: Ընկերասեր էր, աշխարհի բարի մարդը, բոլորին օգնության էր հասնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան՝ Սպարտակի մայրիկը:
Ընդգծում է՝ որդին դպրոցում այդքան էլ լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն անսահման սիրում էին իր մարդ տեսակի համար: «Դպրոցում սիրելի կամ նախընտրելի առարկաներ չուներ, բայց, այ, սիրելի ուսուցիչ ուներ»: Ավագ դպրոցն ավարտելուց հետո 2021 թ. դեկտեմբերին Սպարտակը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:
«Դպրոցն ավարտելուց հետո որևէ տեղ չընդունվեց, ասաց՝ միևնույնն է, պետք է դեկտեմբերին բանակ գնամ, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կհասկանամ, թե ուր ընդունվել: Բայց մտածում էր ծրագրավորում սովորելու մասին, թերևս կրթությունը և հետագա մասնագիտացումը հենց այդ ուղղությամբ կշարունակեր: Շատ էր սիրում նաև հողի հետ աշխատել: Ընտանիքով սեր չունենք հողի, դրա աշխատանքների հետ կապված, բայց երբ տնամերձ տարածք էին վաճառում, Սպարտակի համար այդ հողը գնեցինք, սիրում էր հողի հետ աշխատել, չորացած ծառերն ու դրանց ճյուղերը կտրել, նորերը տնկել»: Սպարտակը զորակոչվել է պարտադիր զինծառայության 44-օրյա պատերազմից հետո: Տղաներին բանակ ճանապարհող ծնողները պատերազմ էին տեսել, տղաներից շատերն իրենց ընկերներին ու հարազատներին էին կորցրել այդ նույն պատերազմի ժամանակ: Տիկին Սիլվան ասում է՝ ընտանիքով հնարավորություն ունեցել են դեռ շատ ավելի վաղ Հայաստանից մեկնելու, կյանքն այլ երկրում շարունակելու:
«Սպարտակը չէր համաձայնում, և մենք իր համար մնում էինք Հայաստանում: Ամուսինս արտերկրում էր աշխատում, ամեն հնարավորություն կար տեղափոխվելու, բայց ես չէի կարողանում մեկնել, որովհետև Սպարտակը չէր գալիս: Սպարտակն իր տեսակով վախկոտ չէր, ձգտում էր ծառայության: Երբ լսում էր պատերազմում գերեվարվածների մասին, միշտ արձագանքում էր՝ ես ինձ վնաս կտայի, բայց գերի չէի ընկնեի: Ես էլ իրեն հակադարձում էի՝ այդպես մի խոսիր, առաջինն իմ մասին կմտածես, եթե նման պահ լինի: Բայց, փաստորեն, այդպես չվարվեց»: Սպարտակը ծառայել է նախ Խնձորեսկում, հետո Գորիսի «Զանգեր» զորամասում:
«Մեծ սիրով ծառայել է, չեմ կարող ասել, որ դժգոհել, տրտնջացել է որևէ բանից: Գուցե ինչ-որ դժվարություն ունեցել է, բայց այդ մասին չենք իմացել: Միայն այն էր, որ շատ հաճախակի ու երկար ժամանակով էր դիրքերում լինում: Ես էլ միշտ ասում էի՝ ուրիշ հսկողներ չկա՞ն, որ միշտ դուք եք դիրքերում: Տղաներին իջեցնում էին դիրքերից, լողանում էին, իրենց կարգի բերում, ու նորից դիրքեր էին բարձրացնում: Սպարտակն էլ միշտ ասում էր՝ դիրքերում ավելի լավ է, քան զորամասում: Մեր դժգոհությունը միայն դա էր, որ երկար ժամանակով մնում էր դիրքերում, բայց նա չէր դժգոհում այդ հանգամանքից»: Լինել դիրքերում, չունենալ բավարար ու անհրաժեշտ պայմաններ, թշնամուց էլ լինել մի քանի մետր հեռավորության վրա, բայց, այսքանով հանդերձ, տղաները նշել են, որ դիրքերում՝ «գետնի վրա» ծառայությունը, ինչպես իրենք են հաճախ բնութագրել, ավելի նախընտրելի է, քան զորամասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվեց պատերազմը: Սպարտակն ու մայրիկը վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 12-ին:
«Այդ օրը փոքր տղայիս ծնողական ժողովին էի գնացել, Սպարտակն անընդհատ զանգահարում էր: Պարզ հիշում եմ այդ օրը, ասացի՝ Սպո՛ ջան, սպասի ծնողական ժողովից դուրս գամ, մի քիչ հետո ինձ զանգի: Դա ժամը երկուսի կողմերն էր: Երեկոյան ութին զանգեց, տրամադրությունը նորմալ էր, ինչ-որ անհանգստություն չեմ նկատել խոսքի մեջ: Զրուցեցինք, հետո ասաց՝ լավ, մա՛մ ջան, վաղն օրվա մեջ կզանգեմ: Գիշերը սկսվում է պատերազմը, առավոտյան ենք տեղեկանում այդ մասին»: Սպարտակը զոհվում է սեպտեմբերի 13-ի լուսադեմին Իշխանասարում: Նա մեկն է այն 29 տղաներից, որոնք անմահացան Իշխանասարը պաշտպանելիս:
«Չէի հավատում, որ իրեն ինչ-որ բան է պատահել: Մտածում էի՝ հարմար չէ, և մեզ հետ կապ չի կարողանում հաստատել: Զանգահարում էինք իրեն, հեռախոսն անջատված էր: Իրենց զորամասն էլ տղաների դիրքից ընդհանրապես տեղյակ չէր, չգիտեին, թե ինչ է կատարվում, ոչ մի տեղեկություն չէին տալիս: Մտածեցինք, որ երեխեքը ինչ-որ մի տեղ հավաքվել են, սպասում են, որ հարմար պահ լինի, դուրս գան: Ամեն ինչ մտքովս անցնում էր, բացի զոհվելու տարբերակը: Ամուսինս մի քանի ծնողների հետ զորամաս էր գնացել, բակում գիշեր-ցերեկ սպասում էին որևէ նորության: Բայց իրենց դիրքի տղաներից որևէ մեկն այդպես էլ չվերադարձավ, իրենց հրամանատարի հետ զոհվեցին»: Սպարտակը տուն է «վերադառնում» մեր 95 տղաների հետ:
«Տղաներին բերել էին, բայց ամուսինս նկարներով չէր ճանաչել Սպարտակին, հավանաբար, անհաջող արված նկարներ էին եղել: Սկզբում մտածում էինք, որ մեր տղան այդտեղ չէ: Ամուսինս նորից ճանապարհ ընկավ Գորիս՝ Սպարտակին փնտրելու: Հոկտեմբերի սկզբին ԴՆԹ-ով «գտել» ենք տղայիս: Այդ ընթացքում, իհարկե, լավ լուրի էի սպասում, հույս ունեի, որ ողջ է, եթե չենք գտնում զոհվածների մեջ: Չէի հավատում անգամ, երբ զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ ԴՆԹ-ն համընկել է: Մերժում էի այդ միտքը, ասում՝ իմ երեխան չի: Իրեն չեմ տեսել, ու մինչև հիմա հավատս չի գալիս: Հայրիկս է Սպարտակիս տեսել, ասաց, որ նա ամբողջական է եղել: Սա էլ, կարծես, մխիթարանքի պես մի բան լինի, չգիտեմ էլ, թե ինչպես ձևակերպեմ, բայց ծնողները կարծես մխիթարվեն նման բաներով: Սպարտակի վիրավորումը գլխի շրջանում է եղել»:
Իսկ հիմա իրար հաջորդող ծանր օրերում Սպարտակի ծնողներին ուժ է տալիս նրա կրտսեր եղբայրը: «Եթե նա էլ չլիներ, չգիտեմ, թե մեզ հետ ինչ կլիներ»: Եվ վերջում մի կարևոր նկատառում ևս: Տղաների ընտանիքների համար չասենք՝ սփոփանք, բայց կարևոր է նաև այն, որ տարիներ անց իրենց որդիներին, ամուսիններին ու հայրերին չեն մոռանում և փորձում են ճանաչելի դարձնել նաև մյուսներին. «Տղաներն այս հողի համար են նահատակվել, բոլորին պետք է ճանաչենք»:
Հ. Գ. – Սպարտակ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաց մի թողեք
Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը․ Տեսանյութ, Լուսանկար
4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը. Լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի