09/10/2024

Փչակով առողջ ծառը կտրեցին, սակայն չորացած բարդիները չեն նկատում

Աբովյան փողոցի բնակիչ Աննա Ղուկասյանը երեկ առավոտյան սարսափելի տեսարան էր նկարել ու տեղադրել իր ՖԲ էջում, թե ինչպես են մի քանի տղամարդ` քաղաքի կանաչապատման վարչության համազգեստներով, կտրատում ու գետնին տապալում կանաչ, փարթամ թխկին։

Հրապարակ թերթը գրել է․ Բացատրությունն այն է, որ ծառն ունի փչակ ու կարող է ամեն րոպե վայր ընկնել։ Բնակիչները հավաքվել ու հիմքեր են պահանջել, ինչին ի պատասխան՝ արդեն ծառը ոչնչացնելուց հետո ներկայացվել է մի թուղթ, որում թխկին ներկայացվում է որպես հացենի, եւ նշվում են բոլորովին այլ չափեր։ Այս վերջին դիտարկումն արել է Երեւանի ավագանու անդամ, Բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ «Գրած փաստաթղթով այս ծառը թխկի չէ, այլ հացենի է եւ շատ ավելի բարձր ու լայն, քան փաստաթղթում «նկարել» են», – նշում է նա։

Քաղաքապետարանը ծառը գնահատել է որպես վթարային, քանի որ այն ունի փչակ, իսկապե՞ս կարող էր ընկնել նման փչակ ունեցող ծառը՝ հարցրինք Վարդանյանին։ «Փչակով ծառերը եկան, կտրեցին, բայց ամբողջ Ազատության պողոտան չորացած բարդիներ են, դե թող կտրեն, ինչո՞ւ չեն կտրում, եկան, այս կանաչ ծառը կտրեցին»,- պատասխանում է Քրիստինա Վարդանյանը։

Ի դեպ, Հանրապետության փողոցում մի մեծ թթենի կար` ՀՀԿ-ի գրասենյակին հարակից: Թթենու հարեւանությամբ շենքի առաջին հարկը ՔՊ կուսակցությունն էր պատրաստվում վերցնել, եւ այն երկար նորոգում էին՝ մայթն էին սալապատում, աղբամանները հեռացնում, որ ՔՊ-ականների նուրբ քիմքին տհաճ հոտեր մոտակայքում չլինեին, եւ թթենին էլ հատեցին: Ենթադրում ենք՝ որպեսզի հասած թութը մոտակայքում չթափվեր, եւ ՔՊ-ականները հանկարծ չսայթաքեին: Բայց անցավ ժամանակ, պարզվեց` ՔՊ-ի պլանները փոխվել են, եւ Պետգույքի վարչությունը չեղարկեց նախորդ որոշումն ու նորից աճուրդի է դրել այդ տարածքը, որ նոր վարձակալի տրամադրի: Հարց է ծագում․ թթենին ձեզ ի՞նչ էր արել, որ հապշտապ հատեցիք` հսկա ծառ էր, լավ ստվեր էր անում ամառվա տապին եւ համեղ էլ թութ էր տալիս: