Միլլի մեջլիսի առաջին նիստի ելույթում Իլհամ Ալիեւը թիվ մեկ խնդիր է անվանել զինված ուժերի կատարելագործումը եւ հիմնավորել, որ դա պայմանավորված է տարածաշրջանում եւ Ադրբեջանի շուրջ զարգացումներով:
Ի՞նչ նկատի ունի նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, Բաքվում բացվել է սպառազինությունների ցուցահանդես, որին մասնակցում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակություն: Մինչ այդ Ադրբեջան է այցելել Ղազախստանի պաշտպանության նախարարը:
Ըստ իշխանական մամուլի՝ Ադրբեջանը «ռազմական արտադրանք է արտահանում տասնյակ երկրներ»: Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի գործարաններից մեկում «սկսվել է հրետանային արկերի համատեղ արտադրություն»: Իհարկե, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն հրապարակի ռազմական արդյունաբերության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մանրամասնությունները:
Իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ կարելի է դատողություններ անել տեղեկատվական հոսքերի համադրմամբ: Այս առումով շատ կարեւոր է, որ Բաքվում սպառազինությունների ցուցահանդեսի բացման օրը Բաքու է այցելել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Բոգդանովը, բայց նրան ընդունել է արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը:
Բանակցությունների ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ «հատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արեւելքին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում եւ Լիբանանի հարավում ռազմա-քաղաքական իրավիճակի զարգացման շեշտադրմամբ»: Առանձնահատուկ ուշադրության է արժանի, որ ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովը Բաքու է ուղեւորվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Փեզեշքիանի հայտարարությունից հետո, որ Թեհրանը երբեք «չի աջակցել Ուկրաինայի տարածքների դեմ ռուսական ագրեսիային»:
Այս առթիվ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ դա «Իրանի սուվերեն տեսակետն է»: Պեսկովն ավելացրել է, որ Մոսկվան կշարունակի «իրանցի բարեկամներին ներկայացնել Ուկրաինայի հարցով հիմնավորումները»: Միլլի մեջլիսի նիստին ելույթում Ալիեւը կոշտ քննադատել է արեւմտյան երկրներին, նրանց մեղադրել «Հայաստանի տարածքում հարեւան երկրների համար սպառնալիքներ ստեղծելու» մեջ:
Inosmi.ru-ն փոխանցում է Jeruzalem Post-ի խմբագրականը, որտեղ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության «բուն նպատակ» է դիտվում այդ «գլոբալ կառույցում հակաիսրայելական կոալիցիայի ձեւավորումը»: Թուրքիայի պոտենցիալ դաշնակիցների շարքում թվարկված է նաեւ Պակիստանը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ չէ, բայց կայուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է:
Ի՞նչ դերակատարություն կարող է Բաքուն ունենալ իսրայելա-պաղեստինյան կարգավորման կամ Լիբանանի հարավում իրավիճակն ազդելու առումով, եթե երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Իսրայելի եւ նրա արեւմտյան դաշնակիցների դիրքորոշմանը հակադրվելուն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ելույթում խոսել է «գլոբալ խաղաղությանը նպաստելու» Բաքվի պատրաստակամությունից, բայց բառ անգամ չի խոսել հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարի մասին:
Ինչի՞ է սպասում կամ, ավելի ճիշտ՝ նախապատրաստվում Ադրբեջանը: Ռուս-իրանական սրվող տարաձայնությունները կարո՞ղ են Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ հարուցել, որի հանգուցալուծմանը Ռուսաստանը եւ Ադրբեջանը «եղբայրական օգնություն ցուցաբերելու» քայլեր կձեռնարկեն:
Հայաստանի տարածքում արեւմտյան երկրների «ստեղծած սպառնալիքի օջախների» քարոզչությունից կարելի՞ է ենթադրել, որ Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի դեպքում Ադրբեջանը կօգտագործի հնարավորությունը՝ Նախիջեւանի հետ հաստատելու ուղղակի ցամաքային կապ:
Բաց մի թողեք
Հայաստանում ԵՄ առաքելությունը պարբերաբար հայտնվում է Մոսկվայի թիրախում
Forbes. Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցի ռուսական տեխնիկան
Իրանը, թե՝ Իսրայելն է հետաձգում երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը