25/11/2024

Ոչ հաստատում են, ոչ հերքում, ինչու կառավարությունը չի հաստատում ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը

Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը չի հաստատում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հրապարակ թերթը գրել է․ Գուցե պատճառն այն օրենսդրական եւ ընթացակարգային խախտումներն են, որոնք արձանագրվել են այդ գործընթացում։ Եթե մրցույթի արդյունքները չհաստատեն, ապա նոր ընտրություն` նոր մրցույթ պետք է կազմակերպվի։

ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն էլ դեռեւս չի ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռեւս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում եւ չեն տրամադրվում մրցույթի մասնակիցներից մեկին` Էդգար Ղազարյանին, ինչը նա բացատրում է նրանով, որ փորձում են խոչընդոտել մրցույթի արդյունքները դատական կարգով բողոքարկելուն:

Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթում հաղթել է ռեկտորի ԺՊ Արմեն Գրիգորյանը: Թեմայի մասին «Հրապարակին» Էդգար Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց.

– Ես գրավոր դիմել եմ կառավարությանը, մանրամասն ներկայացրել եմ ընթացակարգային խախտումները, որոնք տեղի են ունեցել ռեկտորի ընտրության ժամանակ, առաջարկել եմ, որ այդ մրցույթի արդյունքները համարվեն չեղյալ, եւ հայտարարվի նոր մրցույթ: Հավանաբար, ուսումնասիրել են փաստերը, եթե ամեն ինչ օրինական լիներ, ենթադրվում է, որ շատ արագ պետք է կառավարության նիստում մրցույթի արդյունքները հաստատվեին: Մինչ օրս Տնտեսագիտականի կայքէջում հրապարակված չեն այդ օրվա կառավարության խորհրդի որոշումները, արձանագրությունը, ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի, երբ անմիջապես տեղադրվում են: 20 օր է անցել, բայց դեռեւս ոչ մի որոշում չի հրապարակվել: Ես գրավոր էլ եմ դիմել, որպեսզի դրանք ինձ տրամադրեն, սակայն դեռեւս չկա նորություն:

– Իսկ ի՞նչ ապօրինություններ են արվել: Արդյո՞ք այս իշխանությունները վախենում են խախտումներ անելուց:

– Կարծում եմ` այո, որովհետեւ ես նաեւ դիմելու եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի Վահագն Խաչատուրյանի պաշտոնի համատեղելիության հարցը քննարկվի: Հանձնաժողովը վարույթ չի նախաձեռնել, եւ առաջիկայում դիմելու եմ դատարան նաեւ այդ հարցով, որպեսզի բողոքարկեմ: Չեն ժխտել այն փաստը, որ Սահմանադրությամբ անհամատեղելի է երկու նման պաշտոններ համատեղելը, սակայն չեն էլ ցանկանում վարույթ նախաձեռնել: Ոչ միայն Վահագն Խաչատուրյանը բուհից, այլեւ նախագահի պաշտոնից պետք է հեռացվի: Նա շատ լավ հասկանում է, դրա համար էլ խոչընդոտներ են ստեղծում: