21/12/2024

2020 թ. պատերազմից հետո անցկացրած այս չորս տարին ես կորսված ժամանակաշրջան եմ համարում բանակի արդիականացման հարցում

Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարող էր երկրի Զինված ուժերի մարտունակության բարձրացման և զարգացման վրա ավելի մեծ ներդրումներ կատարել, բայց չի՛ արել, հետևաբար՝ 2020 թվականի պատերազմից հետո անցկացրած այս չորս տարին ես կորսված ժամանակաշրջան եմ համարում բանակի արդիականացման հարցում.

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՔՊ-ական իշխանության օրոք բանակի արդիականացման ուղղությամբ իրականացված քայլերի մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նախ, մի կողմից՝ այդ էր պակաս, որ ոչինչ չանեին, չէ՞ որ ամբողջ լծակներն իրենց ձեռքում են, մյուս կողմից՝ պետք չէ ցանկացած արված բան վերածել փիառի, ինչն էլ իրենք անում են։ Քանի որ խոսքը գնում է բանակի մասին, ավել բան չեմ կարող ասել, որովհետև հակառակորդը կարող է դրանից օգտվել, պարզապես, միայն ասեմ, որ Հայաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են, որոնցից, ցավոք, իշխանությունը չի՛ օգտվում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ աննախադեպ ծավալներով սպառազինվելու վերաբերյալ քարոզչական մեծ ֆոն ապահովող իշխանությանը հիշեցնելով Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։

Ըստ նրա՝ երբ իշխանության ղեկավարի մակարդակով հայտարարվում է, թե իրենք մտադիր չեն ռազմական գործողություններով ադրբեջանական օկուպացիայից ազատել Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները, խնդիր են ստեղծում Զինված ուժերի համար, որոնց առջև դրված նպատակները փաստացի հակադրվում են Փաշինյանի խոսքի հետ, քանզի ՀՀ ԶՈՒ նպատակը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։