Նյու Յորքում գտնվող Թուրքիայի տանը կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որից ստանդարտ պաշտոնական տեքստ տարածվեց։ Թուրքական մամուլը շեշտադրեց այդ հանդիպման ժամանակ Էրդողանի՝ Փաշինյանին մատուցած նվերը՝ իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքի տեսքով։
Հրապարակ թերթը գրել է․ Թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանին հանդիպման վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։
– Պաշտոնական հաղորդագրություններից այն կողմ, ի՞նչ է հայտնի հանդիպման մասին, ի՞նչ են գրում թուրքական աղբյուրները։
– Ես նայեցի թուրքական մամուլը` ոչ մի ավել բան չկա, բոլորը, ինչ գրում են, հիմնված է «Անադոլու» գործակալության պաշտոնական տեղեկատվության վրա։ Ուրիշ դեպքերում, սովորաբար, նման հանդիպումներից հետո պաշտոնական տեղեկատվությունից հետո մանրամասներ էին լինում, այս անգամ ոչ միայն դա չկա, այլեւ մասնագետները չեն խոսում, որոնք նախորդ տարիներին հանդես էին գալիս վերլուծություններով: Օրինակ՝ ասում էին, որ հայերի հետ չարժե ոչ մի գործ անել, բանակցել պետք չէ, պետք է միայն պահանջներ ներկայացնել։ Այս անգամ ուղղակի լռություն է՝ պաշտոնական հաղորդագրությունն է միայն, եւ, իհարկե, թուրքական մամուլն ուշադրություն է դարձնում Էրդողանի գրքին։
– Թուրքական դիվանագիտությունը հայտնի է սիմվոլիզմին նշանակություն տալու հանգամանքով։ Այդ գիրքն ունե՞ր նման նշանակություն։ Ինչի՞ մասին է այն, եւ ո՞րն է արդար աշխարհը՝ ըստ Էրդողանի։
– Ես կարծում եմ, որ այս հանդիպումն ավելի շատ Էրդողանին էր անհրաժեշտ, հիմա նա այնպիսի քաղաքականություն է վարում, որը, ըստ նրա, Թուրքիան պետք է դարձնի աշխարհի կարեւոր երկրներից մեկը։ Գուտերեշը խոսեց ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների թիվն ավելացնելու մասին, իր գիրքը հենց դրան է նվիրված, որ Թուրքիան դառնա ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մեկը․ երբ Էրդողանն ասում է՝ ավելի արդար աշխարհ, հենց դա նկատի ունի, որ ԱԽ անդամների թիվը պետք է ավելանա, եւ Թուրքիան պետք է լինի դրանց մեջ։ Երկրորդ․ Էրդողանին այս հանդիպումը պետք է, որ աշխարհին եւ, առաջին հերթին, ամերիկացիներին ցույց տա, որ, տեսեք` մենք ոչ միայն Հայաստանի հետ ուզում ենք հարաբերությունները կարգավորել, այլեւ կարեւոր երկիր ենք տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Նման բաներ են հիմա նրանք մտածում։ Սա էր այս հանդիպման նպատակը, եւ դրա համար էլ այդ գիրքը նվիրել է, որը սիմվոլիկ նշանակություն ունի։
– Էրդողանական «արդար» աշխարհում ի՞նչ տեղ պետք է ունենա Հայաստանը կամ՝ պե՞տք է ունենա, առհասարակ։
– Չեմ կարծում, թե հիմա Թուրքիան մտածի Հայաստանը վերացնելու մասին, ինչպես դա արվում էր Աթաթուրքի ժամանակ, երբ հրաման տրվեց, որ Հայաստանը պետք է ոչնչացվի ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ իրապես։ Չեմ կարծում, որ Թուրքիան հիմա ինչ-որ ռազմական գործողություններ կիրականացնի Հայաստանի նկատմամբ, նա կարող է Ադրբեջանի միջոցով ճնշումն ուժեղացնել Հայաստանի վրա, բայց Թուրքիային պետք է այնպիսի Հայաստան, որը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ իր պատմական պահանջներից, այնպիսի Հայաստան, որտեղից ռուսական ռազմաբազան դուրս կբերվի, եւ դա կլինի այնպիսի Հայաստան, որը կդառնա թուրքական ազդեցության ոլորտ՝ փափուկ ուժի միջոցով։ Այսինքն՝ հիմա Թուրքիան ոչ թե իսկական ռազմական ուժով, այլ փափուկ ուժով է գործում, որը տեղի ունեցավ Վրաստանում։ Ես կարծում եմ, որ սա է իրենց նպատակը։
– Կարծում եք, այսպես կոչված, միջանցքի հարցին անդրադարձ եղե՞լ է այդ հանդիպմանը։
– Պատահական չէ, որ Փաշինյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին։ Հավանաբար, երբ Էրդողանի կողմից այդ հարցը բարձրացվել է, նա էլ ասել է, թե, տեսեք` մենք էլ այս ծրագիրն ունենք, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն։ Իմ կարծիքով՝ ներկա փուլում Թուրքիայի համար այդ հարցը երկրորդական է, որովհետեւ այն հատվածը, որը Թուրքիայի երկաթուղային համակարգը պետք է կապի Նախիջեւանի հետ, կառուցված չէ․ 240 կմ հատվածը մինչեւ հիմա չեն կառուցել, եւ, ինչպես Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, շինարարությունը պետք է ավարտվի 2028 թվականին։ Այսինքն՝ Թուրքիան մինչեւ 2028 թվականը ժամանակ ունի, եւ կարծում եմ, որ կշարունակի Հայաստանի վրա ճնշումը։ Էրդողանն ասում է, որ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը, մենք հարաբերությունները կկարգավորենք, բայց կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում մինչեւ վերջ չեն կարգավորի հայ-թուրքական հարաբերությունները, մի բան կպահեն, հետագայում կճնշեն Հայաստանին եւ արդեն կստանան Զանգեզուրի միջանցք կոչվածն այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա իրենց մոտեցումն է, դիվանագիտությունն է։
– Այս իրավիճակում, երբ ճնշումները Հայաստանի վրա ե՛ւ Արեւմուտքից են, ե՛ւ Թուրքիայից են, ե՛ւ Ադրբեջանից են՝ նոր պահանջների տեսքով, ի՞նչ է բխում Հայաստանի ազգային-պետական շահից։
– Այո, շատ ճիշտ նկարագրեցիք` ճնշումները Հայաստանի վրա կան, ուժեղանում են եւ կարող են էլ ավելի ուժեղանալ։ Առաջին հերթին, Հայաստանը պետք է կարողանա գիտակցել եւ ձեւակերպել իր ազգային շահը, պետք է վերականգնի մեր ռազմական պոտենցիալը, որը կորցրել ենք 44-օրյա պատերազմի հետեւանքով: Այդ աշխատանքը հնարավորինս պետք է առաջ տանել, եւ երրորդ` աշխարհին ցույց տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները՝ այդ ճնշումները, որ, օրինակ, Թուրքիան հայտարարում է, թե հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է առանց նախապայմանների, բայց իրականում Ադրբեջանի հետ պայմանագիրը նախապայման է նրա համար։ Հայաստանը պետք է հստակ ձեւակերպի իր շահը՝ իմանա, թե ինչն է իր համար կարեւոր, ինչը չպետք է զիջել։ Դա շատ կարեւոր է։
– Վերջին հարցը՝ այս ելակետով, որով ՀՀ գործող իշխանությունն է հարաբերվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մեզ ի՞նչ է սպասվում՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնց մասին խոսեցինք։
– Մեզ սպասվում են ճնշումներ՝ դիվանագիտական առումով, մեզ սպասվում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիք։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա լայնածավալ պատերազմի, բայց տարբեր տեսակի ռազմական պրովոկացիաները չեմ բացառում: Չնայած պատերազմն էլ հարյուր տոկոսով չի կարելի բացառել։ Այս ամենը լինելու է, բայց եթե Հայաստանն իր շահը գիտակցում է եւ վճռականություն ունի չենթարկվելու, կարելի է հույս ունենալ, որ մեզ չեն կարողանա ճնշել։ Ես լավատես եմ։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ