14/10/2024

Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու համար. նրա նկատմամբ նախաձեռնվել է քրվարույթ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում գրություն է ստացվել այն մասին, որ 2022թ. մարտի 7-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Տիգրան Արզաքանցյանը իր ներկայացուցչի միջոցով հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն գույքային վնաս է պատճառել։

Ըստ այդ հաղորդման՝ 2022թ. մարտի 7-ին Տ. Արզաքանցյանը Կենտրոնական բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ 2009-2012թթ. Ս. Նասիբյանի կողմից տրված փոխառության գումարների և այն վերադարձնելու շուրջ ձևավորված վստահության հիման վրա 2013թ. ապրիլի 16-ին իր և Ս. Նասիբյանի միջև կնքվել է 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր:

Դրա դիմաց գրավադրվել են 15 մլն 600 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ակցիաներ, այնինչ այդ փոխառության գումար չտրամադրելու պայմաններում 2013թ. հոկտեմբերին դիմել է արբիտրաժային դատարան՝ խաբեությամբ կեղծ տվյալներ տրամադրելով, 2013թ. հոկտեմբերի 10-ին ստացել է դատարանի վճիռ, որի հիման վրա խաբեությամբ 2014թ. իր անվամբ գրանցել է գրավի առարկա հանդիսացող ընկերության ակցիաների 20 տոկոսը, իսկ 2021թ. դեկտեմբերի 30-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2013թ. ապրիլի 13-ին պայմանագրի հիման վրա հափշտակելով 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար գոյություն չունեցող պարտքի տույժ-տուգանքներ և փորձում է դատարանի միջոցով խաբեությամբ հափշտակել 2 մլն 552 հազար ԱՄՆ դոլար՝ այդ կերպ Տ.Արզաքանցյանը Ս. Նասիբյանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: