22/11/2024

Ընդդիմությունը «ախորժակ էր պահել», որ իշխանությունը կբոյկոտի Մայր Աթոռի հրավերն ու «նվեր կանի» իրենց հոկտեմբերի 2-ի հավաքից առաջ

«Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի։ Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ապա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ». ամիսներ առաջ, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր տարերքի մեջ էր, ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թերևս ակնարկելով՝ եկեղեցու անունից հանդես եկող և իշխանության հրաժարականը պահանջող սուբեյկտն է (և նրա թիկունքում ծպտված ընդդիմադիր ուժերը), որ իր գործողություններով, իր՝ հոգևորականին չպատշաճող վարքագծով դառնում է եկեղեցու դեմ հանրային արշավի իրականացման պատճառ։

ՀՀ բարձր իշխանության, մասնավորապես նաև Փաշինյանի մասնակցությունը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած կարևոր միջոցառումներին, պետական արարողակարգ լինելուց զատ, հանրությանն ուղղված կարևոր ուղերձ էր պարունակում։ Նկատենք, որ հայտնի շահագրգիռ խմբակները, որոնք այսօր արքեպիսկոպոսին օգտագործելով շարունակում են իշխանափոխություն պահանջել, այսպես ասած՝ «ախորժակ էին պահել», որ իշխանությունը կարհամարհի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերն ու կբոյկոտի եկեղեցու հարկի ներքո տեղի ունեցած միջոցառումները։ Նման որոշումը հրաշալի նվեր կլիներ ընդդիմության քարոզչամեքենային՝ հատկապես հոկտեմբերի 2-ի հանրահավաքից առաջ, և կարելի է գուշակել, թե այդ դեպքում ինչպիսի աղիողորմ ու պաթոսախեղդ ստատուսներ կգրվեին ու վելուծություններ կարվեին՝ վերահաստատելով արդեն հայտնի «վերդիկտները»։

Իշխանության մասնակցությունը վերոհիշյալ միջոցառումներին նախ՝ մասշտաբային հերքումն էր հենց այդ քստմնելի, տարիներ շարունակ թմբկահարվող «վերդիկտների», թե՝ «դրսի ուժերի» (Սորոս, թուրք-ադրբեջանական տանդեմ) աջակցությամբ «իշխանությունը զավթած» հեղափոխական թիմի գերխնդիրն է ազգային կառույցների ոչնչացումը, և թիրախում առաջին հերթին ազգային եկեղեցին է։ (Բանը հասել է նրան, որ երբ որևէ ակտիվիստ կամ կարգալույծ եկեղեցական հայտարարում է եկեղեցու դեմ ակցիա կազմակերպելու մասին, ընդդիմադիր քարոզչամեքենան պեղում և գտնում է հիշյալ անձի առնչությունը իշխանության հետ, ընդհուպ՝ վարչապետի տիկնոջ հետ ֆոտո ունենալն է մեկնաբանվում որպես մասնակցություն այդ արշավին, թե՝ եկեղեցու դեմ ակցիա իրականացնողը «Աննա Հակոբյանի աջակիցն է»)։

Նկատենք, որ այդօրինակ քարոզչաթեզերը մեծ ուժգնություն ստացան մասնավորապես այս տարեսկզբից, երբ Հ1-ը մեղադրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր հեռարձակելուց հրաժարվելու համար։ Եվ չնայած պարզաբանվեց իրավիճակը, սակայն մեղադրանքները տեղի չտվեցին, ավելին, Հանրային հեռուստաալիքը մեղադրվեց վարչապետի կողմից ուզուրպացված լինելու, վերջինիս աշխատակազմի կամակատարը լինելու համար: Մասնավորապես ՀՅԴ-ական պատգամավոր, ստաժավոր «տելեվիզիոնշիկ», դաշնակցական ագիտպրոպի օրգաններից նախկին ղեկավար Գեղամ Մանուկյանն, օրինակ, շտապեց մասնագիտական գնահատական տալ տեղի ունեցածին, թե՝ «Հանրային հեռուստաընկերությունն ուղղակի իշխանության կողմից վերջին մի քանի տարիներին Հայ առաքելական եկեղեցու, ազգային բանակի, հայկական ավանդական արժեքների, ազգային գաղափարախոսության դեմ սանձազերծված արշավի մի լծակն է», ՀՀ նախկին ՄԻՊ-ն էլ, որը համալրել է ընդդիմության շարքերն ու ընդհուպ «սրբազան պայքար»-ի վարչապետի թեկնածուն դառնալու հավակնություններ ուներ, իր ղեկավարած հիմնադրամի էջում գուժել էր. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է: Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ…»։

Նկատենք, որ իշխանությունների «եկեղեցաքանդ» լինելն «ապացուցող» մեկ այլ աղմկահարույց «ինցիդենտ» էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, երբ, ինչպես ընդդիմադիր քարոզիչներն էին աղաղակում՝ ՀՀ իրավապահների կողմից «խոչընդոտվեց» Գարեգին Բ-ի և եկեղեցականների շքախմբի մուտքը հուշահամալիր, քանի որ այդ պահին համալիրում էր Նիկոլ Փաշինյանը։ Այս դիպվածի առնչությամբ «տիեզերածավալ ողբ ու կական» բարձրացրին ոչ միայն ընդդիմության «եղերահայրերն ու եղերամայրերը», այլև եկեղեցու տարբեր թեմեր, որոնք դատապարտող հայտարարություններ տարածեցին և տեղի ունեցածը համարեցին «ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ազգային արժեքի հեղինակության նկատմամբ», «Հայոց 1700-ամյա ազգային և նուիրական Եկեղեցւոյ նկատմամբ հալածանք» և այլն։

Հարկ է ընդգծել, որ «եկեղեցաքանդ»-ության մասին վկայող այս «անառարկելի ապացույցները» չէին կարող իրենց հետևանքը չունենալ հանրային գիտակցության վրա՝ առաջացնելով հակազդեցություն, գուցե դառնալով նաև բարձրաստիճան եկեղեցականի գլխավորությամբ տեղի ունեցող շարժմանը մասնակցելու խթան։ Ահա հենց այդ նպատակի ուղղությամբ է, որ աշխատում էր և է ընդդիմադիր քարոզչամեքենան՝ իշխանության «դավաճան», «հողատու» կերպարը գունազարդել և ուժգնացնել՝ վերջինիս մեղադրելով նաև «հակաաստվածային», «հակաքրիստոնեական» լինելու համար, և համոզիչ դարձնել այն պնդումը, որ ոչ միայն պետությունը, այլև ազգային կառույց եկեղեցին փրկելու համար օրհասական է իշխանության հեռացումը։ Բագրատ Գալստանյանի՝ «հալածյալ» եկեղեցու ներկայացուցչի բերանով Նիկոլ Փաշինյանին «նեռ», «սատանա», «չարիքի իշխանություն» անվանելը պատահական չէ։ «Նեռ» բառի դավանաբանական ընկալումը Տեր Հիսուս Քրիստոսին հակառակ լինելն է՝ հակաքրիստոսը, իսկ մի երկրում, որի մշտական բնակչության 97,5 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու դավանորդ է, չի կարող անհաղորդ լինել «նեռի» հեռացման օրակարգով նախաձեռնված և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի գլխավորությամբ տեղի ունեցող շարժմանը։ Ահա այս խարդախ հաշվարկը, փաստորեն, չաշխատեց՝ դատելով շարժման հանրային աջակցության ցածր տոկոսից։ Եկեղեցու սպասավորը, սակայն, իր վարքագծով ու առաջ քաշած օրակարգով դարձավ ազգային կառույցի՝ եկեղեցու լեգիտիմության և ադեկվատության չափման ինդիկատոր։

Թե ինչ հետևություններ է արել հանրությունը և մասնավորապես նաև եկեղեցին տեղի ունեցածից հետո՝ հետագա վերլուծության թեմա է։ Իսկ նախքան այդ, ամփոփելով կառավարող ուժին եկեղեցուն հակադրելու ընդդիմության վտանգավոր, մանիպուլյատիվ քարոզչությունը, արձանագրենք՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը հրապարակվել է դեռևս 2019-ին, ՀՀ ժողովրդի ազգային արժեքների թվում նշված է նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը։ Իմիջիայլոց, ս.թ. մայիսի 7-ի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հիշյալ ռազմավարությանն ու նկատել՝ «արդյո՞ք ես գտնում եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները պետք է վերանայվեն: Ես ուզում եմ ասել՝ ո՛չ, ես չեմ գտնում, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքները պետք է վերանայվեն»։ Նա նաև վերահաստատել էր իր դիրքորոշումը, որ հիշյալ արժեքները, ի թիվս այլ արժեքների, պետք է վերաձևակերպվեն և տեղ գտնեն մշակվելիք նոր ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Հ. Մանուկյան