Արդեն որերորդ անգամ միջազգային գործընկերներն ահազանգում են, իսկ իշխող քաղաքական ուժի՝ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները լռելյայն հաստատում, որ առաջիկա տարիներին Հայաստանին ցրտաշունչ ձմեռներ են սպասվում:
Հնարավոր է՝ նաեւ սով: Եվ Հայաստանը պետք է այդ արհավիրքին պատրաստ լինի: Բայց ի՞նչ է կատարվում. ժողովրդի՞ն են ահաբեկում, սադրա՞նք է, թե՞ չար կատակ: Համենայն դեպս՝ մարդիկ դժվար են կողմնորոշվում՝ չիմանալով անելիքները, շատերը տագնապների մեջ են՝ ձմեռը սարերի հետեւում չէ, եւ «ցրտի ու մութի» ժամանակների դառը հուշերն այնքա՛ն մոտ ու իրական են թվում:
Ո՞րն է, այնուամենայնիվ, խնդիրը: Մեծ հաշվով՝ խնդիր իսկապես կա, որը դիտարկելի է երկու հարթության վրա՝ տնտեսական եւ քաղաքական (կամ՝աշխարհաքաղաքական): Տնտեսական առումով այն հարում է էներգետիկայի ոլորտին, որը ՀՀ-ում անմխիթար վիճակում է, իսկ քաղաքական առումով շոշափում է գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Հավաքական Արեւմուտքի շահերը: Սա այն դեպքն է, երբ աշխարհի հզորների խաղին զոհաբերվում են թույլերն ու անճարակները: Հայաստանն այս կարգի պետությունների շարքում է:
Գործող իշխանությունների վարած ապաշնորհ էներգետիկ քաղաքականությունը հանգեցրել է համակարգի նկատելի հետընթացի, ինչը զգացվում է անգամ բնակչությանը մատակարարվող էլեկտրական հոսանքի հաճախադեպ անջատումներից: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արդեն աշխարհում նոր-նոր փորձարկում անցնող մոդուլային ատոմակայանի անհրաժեշտությունից է խոսում՝ տրվելով Մեծամորի ատոմակայանը փակելու՝ թուրք-ադրբեջանական զույգի ճնշմանը. «Մենք պետք է ունենանք մոդուլային ԱԷԿ, որը չի դիտարկվի որպես սպառնալիք ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան երկրների համար»,- ասում է նա:
Հիմա հարց է՝ ՔՊ-ի միջազգային գործընկերներն արդյո՞ք ՀՀ էներգետիկ համակարգի բարեփոխումների ձախողումների պատճառով են մեզ ցուրտ ձմեռներ ահագուժում, թե՞ ուրիշ «փորացավ» ունեն: Օրինակ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը: Այն Ռուսաստանի, որը Հայաստանին անհամեմատ էժան ու անխափան գազ է մատակարարում: Այն Ռուսաստանի, որն ապահովում է Հայաստանի հացահատիկի պահանջարկի 90 %-ը: Եվ, վերջապես, այն Ռուսաստանի, որտեղ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ տասնյակ հազարավոր հայաստանցիներ կարողանում են պահել իրենց ընտանիքները:
Բայց Արեւմուտքի համար սրանք մանրմունր բաներ են: Նրանք պատրաստ են փոքրիկ, վտիտ Հայաստանին ոտնակոխ անել իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Պետք լինի՝ Հայաստան մտնող գազամուղը պայթեցնել կտան հենց Ադրբեջանի ձեռքով՝ նրա տարածքով անցնող հատվածում: Ադրբեջանն այդ փորձը ունի, որն ավելի վաղ կիրառել է Արցախի դեմ՝ 120 հազար արցախահայությանը տասը ամիս պահելով շրջափակման աքցանում, այնուհետեւ ենթարկելով նրան էթնիկ զտման եւ, ի դեպ, մնալով անպատիժ:
Ցուրտ, մութ եւ սովահար ձմեռներ Հայաստանին վիճակվել էր ոչ այնքան հեռավոր 90-ականներին: Բայց այն թվականներին գոնե գիտեինք, թե հանուն ինչի ենք զրկանքների գնում, եւ ժողովրդի մեծ մասը դիմակայեց դաժան փորձություններին, մնաց ու մարտնչեց Արցախի համար, ազատության եւ անկախության համար: Թեպետ հարյուր հազարավոր մարդիկ էլ՝ չդիմանալով դժվարություններին, արտագաղթեցին: Ներկայում հասկանալի չէ, թե հանուն ինչի ենք պատրաստվում այդ ամենի կրկնությանը: Չլինի՞ հանուն թյուրքական աշխարհի…
Ամեն դեպքում այսօր արտագաղթելու դրդապատճառները, կարծես թե, ավելի ծանրակշիռ են, իսկ մարտահրավերներն՝ ավելի անողոք: Ու ամենամեծն այդ մարտահրավերներից, եկեք խոստովանենք, Նիկոլ Փաշինյանն է՝ իր ՔՊ խմբակով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…