«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից հայտնեցին, որ զեկույցը հիմա վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին, եթե իհարկե, այդպիսիք լինեն։ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում՝ զեկույցի քննարկման ընթացքում, հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:
Արդեն այս ամիս՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս դռնփակ նիստ նախաձեռնի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով. նախ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։
Սրան հաջորդում է մտքերի փոխանակություն, այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը: Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Եվ նպատակը ի սկզբանե պարզ էր՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր մեղքերից ու մեղադրանքներից՝ սլաքները ուղղելով տարբեր, այդ թվում եւ առերեւույթ «5-րդ շարասյան» կողմ»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները