22/11/2024

Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը

Հայաստանն ու Ռուսաստանը Փաշինյան-Պուտին մակարդակով պայմանավորվել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին կմիանան նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումները:

Թե իրավական ինչ մեխանիզմներով են կարգավորվելու այսպես ասած համատեղ ծառայության սկզբունքները, դեռևս պարզ չէ: Ինչպես հայտնի է, 1992 թվականի պայմանագրով այդ սահմաններում ծառայությունը իրականացնում էր Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը:

Այժմ երբ ներգրավում է նաև Հայաստանի ԱԱԾ-ն, բնականաբար ենթադրվում է իրավական կարգավորումների փոփոխություն: Սա, իհարկե, հարցի տեխնիկական կողմն է, քանի որ հայ-ռուսական որոշումը, բնականաբար, քաղաքական է, ավելին՝ թերևս աշխարհաքաղաքական, քանի որ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանն աշխարհաքաղաքականություն է, ու հենց այդ մոտիվն է եղել նաև այն իրողության հիմքում, որ Ռուսաստանը ստանձնել է այդ սահմանների պահպանության գործը՝ դիտարկելով դրանք, թերևս, որպես նախկին ԽՍՀՄ սահմաններ:

Առաջին հարցը, որ առաջանում է Մոսկվայում կայացած համաձայնությունից հետո, այն է, թե արդյո՞ք սա հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման առաջին քայլն է:

Առավել ևս, որ Մոսկվայում կայացրած որոշումը ներառում է նաև բավականին ուշագրավ մի կետ՝ նույն ժամանակահատվածից, այսինքն՝ հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետում ծառայություն են իրականացնելու միայն Հայաստանի ԱԱԾ ստորաբաժանումները: Այլ կերպ ասած, ռուսական ուղեկալները կհսկեն հայ-իրանական սահմանը, բայց անցակետում կլինեն միայն Հայաստանի սահմանապահ սստորաբաժանումներ:

Սա, անշուշտ, քայլ է, որը ֆորմալ տեսանկյունից ընդգծում է Հայաստանի ինքնիշխան գործառույթների վերականգնման գործընթաց, սակայն հասկանալի է, որ գործ ունենք քաղաքական և աշխարհաքաղաքական ընդգրկուն տողատակ պարունակող երևույթի հետ:

Ռուսաստանը համաձայն է հեռանա՞լ, թե՞ պարզապես համաձայն է Երևանին «ֆորա» տալ ինչ-ինչ հարցերում՝ դրա դիմաց ստանալով իր համար կարևոր հարցերում Երևանի համաձայնություն:

Կա՞ այստեղ քաղաքական «փոխանակում», թե՞ Երևանը բարձրաձայնում է ցանկությունը, իսկ Մոսկվան՝ առանց դիմադրելու համաձայնում, այն դեպքում, երբ, կրկնեմ, խոսքը աշխարհաքաղաքականության սահմանների մասին է:

Որքանո՞վ են այս համաձայնությունները տակտիկական և որքանով՝ ռազմավարական: Սա գլխավոր հարցն է, որի պատասխանը շոշափելու համար, թերևս, կա իրադարձությունների հետագա ընթացքին հետևելու անհրաժեշտություն: