Իրանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ֆաթիմե Մոհաջերանին բացառիկ հարցազրույց է տվել Irna գործակալությանը, որտեղ կարևորել է իշխանության բոլոր թեևրի համագործակցությունը:
Նա երախտագիտություն է հայտնել եղբայր զինվորականներին, որ իրանական ժողովրդին վերադարձրել են ազգային հպարտության զգացումը։
Խոսքը, անկասկած, Իսրայելին հասցված հրթիռային հարվածների մասին է։ Ի դեպ, ավելի քան մեկ շաբաթ անց իսրայելական կողմը խոստովանել է, որ մի քանի հրթիռ, այնուամենայնիվ, ռազմաօդային ուժերի երկու հենակայան է թիրախավորել։ Կորուստների մասին, սակայն, հստակ տեղեկություններ Իսրայելը չի տարածել։
Իրանի կառավարության հատուկ ներկայացուցչի խոսքում առանձնանում է մի էական հանգամանք։ Նա ասել է, որ Իսրայելին հարվածելու որոշում կայացվել է նախագահ Փեզեշքիանի «իմացությամբ և համաձայնությամբ՝ որպես Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահի, և պաշտպանության նախարարը, լինելով այդ Խորհրդի անդամ, այդ հարցում կարևոր դեր է խաղացել»։
Մոհաջերանին հույս է հայտնել, որ իսրայելական ռեժիմը «զսպվածության բավարար ազդակներ է ստացել և թույլատրելի սահմանները չի անցնի»։ Իրանական վերնախավի անխտիր բոլոր ներկայացուցիչներն իրավիճակի նույն գնահատականն են հնչեցնում։
Արտառոցը, թերևս, կառավարության հատուկ ներկայացուցչի կողմից Իսրայելին հրթիռային հարված հասցնելու հարցում նախագահ Փեզեշքիանի և պաշտպանության նախարարի դերի ընդգծումն է, ինչից տպավորություն է ստեղծվում, թե Իրանում «երկիշխանություն է»՝ մի կողմում ընտրված նախագահն է, որ փաստացի կառավարության ղեկավարի լիազորություն ունի՝ իր թիմով, մյուսում՝ Գերագույն հոգևոր առաջնորդը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ըստ երևույթին՝ առկա են հանրային տրամադրություններ, որ նախագահ Փեզեշքիանը «դիմադրության ճակատի» հարցում «վճռական չէ»։ Մոհաջերանիի խոսքից կարելի է ենթադրել, որ Irna-ին նրա բացառիկ հարցազրույցը կազմակերպվել է, որպեսզի հանրային տարընկալումները հարթվեն, և նախագահ Փեզեշքիանը ներկայացվի որպես պետական կարևորագույն դերակատար։
Փեզեշքիանի ընտրությունից հետո փորձագիտական կարծիք է հնչել, որ եթե նա չհետևի իսլամական հեղափոխության և նրա պաշտպանության ուղեգծին, ապա պահպանողական խորհրդարանը կարող է նրան անվստահություն հայտնել։ Այս ֆոնին tasnimnews-ը հայտնում է, որ Իրանի խորհրդարանում մշակվում է «Դիմադրության պակտ» անվանում ստացած օրինագիծ, որը նախատեսում է ռազմական դաշինք և փոխադարձ օգնության պարտավորություն Իրանի և տարածաշրջանում «անկախության համար պայքարող ուժերի» միջև։
Նման օրինագիծ ընդունելու դեպքում Իրանը կարող է ռազմական դաշինք կնքել «Հեզբոլլայի», «ՀԱՄԱՍ»-ի, ինչպես նաև Եմենի հութիների և Իրաքի «Իսլամական ճակատի» հետ։ Այդ դեպքում Իրանը և Արևմուտքը լարվածությունը թուլացնելու ոչ մի քայլ չեն ձեռնարկի։
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան