ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ:
«Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:
Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացվող գործողություններից:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ գրելով.
«Սիրելի՛ լրագրողներ, օգտատերեր,
Հասկանում ենք, որ ավելի վաղ մեր կողմից նշված վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակցի ձերբակալումը տեղի է ունեցել շատերի աչքի առաջ, և ավելի մեծ է հավանականությունը, գուցե նաև գայթակղությունը, ինչպես տուժող անչափահասի, այնպես էլ մեղադրյալի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հրապարակելու։
Խնդրում եմ, սակայն, բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը և վերջինիս կրկնազոհացումից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։
Հետևաբար անձնական տվյալներ, վարույթով ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասներ հրապարակելուց խնդրում եմ զերծ մնալ»։
Բաց մի թողեք
Անհայտ անձը մուտք է գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել գազի կաթսաները
Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով
Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աշակերտ