Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը պարբերաբար հայտնվում է ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների քննադատության թիրախում։ Հաճախ առաքելության գործունեության մասին ռուսական կողմից հնչում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքին, հայտարարել էր, թե Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։
«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։ Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,— ասել է Ուշակովը։
ԵՄ խորհուրդը Հայաստանում իր դիտորդական առաքելությունն ընդլայնել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին։ Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերի 11-ին Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էրր, որ Եվրամիությունը որոշել է ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության ծավալի կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- ասել էր Բորելը։
Առաքելության հետագա ընդլայնման մասին տեղեկություններ չկան։
Ուշակովի հայտարարությունից առաջ էլ՝ հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է հասնել ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
«Նման խաղաղապահության հնարավոր բնույթի մասին է վկայում արդեն այն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, «անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը» հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի՝ Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ»,- հավելել էր Բորտնիկովը։
ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անպատասխան չի թողել Բորտնիկովի այս հայտարարությունը։ «Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որով փորձում են քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- ասել է նա։
Խոսելով առաքելության մասին՝ Ստանոն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը «կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»։
Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ իրենց վրդովմունքն էին արտահայտել նաև ՌԴ այլ պաշտոնյաներ (1 2 3)։
Ի դեպ, Հայաստանում ԵՄ առաքելությանը պարբերաբար թիրախավորում է նաև Ադրբեջանը։
Հայաստանում ԵՄ առաքելությունը հիմնվել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի որոշմամբ 2023 թվականի հունվարի 23-ին՝ ի պատասխան «հողի» վրա ամբողջական կազմով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների 2022 թ․ դեկտեմբերի պաշտոնական դիմումի։ Առաքելության տեղակայումը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով՝ հայկական կողմում 2022 թ․ հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 19-ը տեղակայված ԵՄ դիտորդական կարողության հաջողված փորձին։ Առաքելությունը մեկնարկել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի որոշմամբ՝ 2023 թ․ փետրվարի 20-ին։ Նույն օրը՝ 2023 թ․ փետրվարի 20-ին, Եղեգնաձորում պաշտոնապես բացվել է ԵՄ առաքելության Գլխավոր շտաբը և տեղակայվել նախնական գործառնական ներուժը։ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկու տարի ժամկետով է, որը կարող է վերանայվել։
Հայաստանում ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, որն ունի բացառապես անզեն դիտորդ-փորձագետներ ԵՄ անդամ պետություններից և ղեկավարվում է Բրյուսելում գտնվող ԵՄ քաղաքացիական կենտրոնակայանի կողմից: Ամբողջ հրամանատարական կազմը քաղաքացիական է։ Առաքելության անդամները նշանակվում են յուրաքանչյուր ԵՄ անդամ պետության որոշմամբ՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների փորձագետներից։
2023 թ․ նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը ստորագրել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է ՀԵՄԱ իրավական կարգավիճակը: ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է այս տարվա մարտի 20-ին:
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞