22/11/2024

Մրցո՞ւյթ, թե՞ մրցակցության իմիտացիա․ Քաղաքապետարանը 67 մլն դրամով 2 մեքենա է գնել

Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին 2 նոր մեքենա է գնել ընդհանուր շուրջ 67 մլն դրամ (174 հազար ԱՄՆ դոլար) արժեքով։ Այս երկու մեքենաներն էլեկտրական են, և դրանցից մեկը սպասարկելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորագույն մեքենաները գնելու համար ներկայացված տեխնիկական բնութագրերը, իրականացված գնման ամբողջ գործընթացը, ուսումնասիրել պայմանագրերը և պարզել, որ քաղաքապետարանի կազմակերպած գնման մրցույթներն ըստ էության ձևական են, իսկ ձեռք բերված մեքենաների տեխնիկական բնութագրերը կազմվել են կոնկրետ այդ մեքենաների համար։

Էլեկտրական Mercedes-Benz՝ Երևանի քաղաքապետի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին սպասարկելու համար Երևանի համայնքային բյուջեի հաշվին քաղաքապետարանը նոր մեքենա է գնել՝ շուրջ 33 մլն դրամ (85․7 հազար ԱՄՆ դոլար) արժեքով։ Մեքենայի մակնիշը՝ «Մերսեդես EQE 500», էլեկտրական շարժիչով։

Այդ նպատակի համար անցկացվել է էլեկտրոնային աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է «Էկո Մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Երևանի քաղաքապետարանի և այս ընկերության միջև գնման պայմանագիրը կնքվել է օգոստոսի 26-ին, և դրա գինը կազմում է 32 մլն 987 հազար դրամ:

Ամենագնաց «Mercedes EQE 500»-ը գնելու համար քաղաքային իշխանությունները գնման առաջարկի մեջ ներկայացրել են տեխնիկական բնութագիր, որում նշված չափորոշիչները, չգիտես ինչպես, համընկնում են հենց այս մակնիշի մեքենայի պարամետրերի հետ։

Այսպես, քաղաքապետը գնման առաջարկում ցանկություն է հայտնել ունենալու էլեկտրական այնպիսի մեքենա, որը կունենա (ե/լ/բ)՝ 4880մմ x 2032մմ x 1679մմ, արտաքին չափսեր։ Անվային բազան կլինի 3030 մմ, թափքը՝ SUV (sport utility vehicle/ամենագնաց), լիաքարշ, նստատեղերը՝ 5 հատ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, մարտկոցը՝ 96,1 ԿՎտ, հզորությունը՝ 408 ձիաուժ և 858 ն/մ, վազքը՝ մեկ լիցքավորումով՝ 609 կմ, լիցքավորումը AC 220V 10-80%՝ առավելագույնը 13 ժամ։

Կնքված պայմանագրի մասին հայտարարությունից արված այս արտապատկերման (սքրինշոթ) մեջ առաջին սյունակում գնված մեքենայի տեխնիկական պարամետրերն են, երկրորդ սյունակում՝ քաղաքապետարանի կողմից պահանջվող պարամետրերը։

Դեղինով առանձնացրել ենք այն պարամետրերը, որոնք կարող էին մատակարարի մոտ տարբերվել, սակայն լինել թույլատրելիի սահմաններում։ Օրինակ՝ մեքենայի երկարության համար սահմանվել էր նվազագույնը 4880մմ երկարություն, այսինքն եթե առաջարկվող մեքենան նույնիսկ պահանջվողից մի փոքր ավելի, օրինակ՝ 4900մմ երկարություն ունենար, ապա կհամապատասխաներ պահանջվող չափանիշներին։

Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, հաղթող մեքենայի բոլոր պարամետրերը ճշտությամբ համընկնում են պահանջվողներին։ Նույնիսկ ճանապարհային լուսածերպի 160մմ նվազագույն պահանջը մրցույթի մասնակիցը ներկայացրել է հենց այնպես, ինչպես Երևանի քաղաքապետարանն է իր հայտում սահմանել՝ «առնվազն 160մմ»։ Սակայն եթե պատվիրատուն կարող է այս բաղադրիչը սահմանելու համար կիրառել նվազագույն կամ առավելագույն տերմինը, ապա մատակարարը չի կարող այն կիրառել այս դեպքում, քանի որ խոսքը կոնկրետ մոդելի մեքենայի մասին է, որի պարամետրերը հստակ են։ Այսինքն, մատակարարը լուսածերպի համար պետք է ներկայացներ ոչ թե «նվազագույնը 160մմ» ձևակերպումը, այլ կոնկրետ իր կողմից առաջարկվող մեքենայի ճանապարհային լուսածերպը։

Եվ ընդհանրապես՝ հաղթող մեքենայի և պահանջվող մեքենայի պարամետրերը համեմատելիս տեսնում ենք, որ դրանք առանց բացառության նույնն են։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ կա՛մ գնվող մեքենայի տեխնիկական պարամետրերը սահմանվել են կոնկրետ այս մեքենայի համար, կա՛մ մատակարարի կողմից ներկայացված մեքենան չի համապատասխանում այս բնութագրերին, սակայն վերջինս որոշել է այս մեթոդով հաղթել մրցույթում։

Բաց աղբյուրներում «Mercedes EQE 500»-ն այսպես է նկարագրված․ «4880 մմ երկարություն, 2032 մմ լայնություն և 1679 մմ բարձրություն, իսկ անիվային բազան՝ 3030 մմ։ Մարտկոցը 96.1 ԿՎտ է, հզորությունը՝ 408 ձիաուժ, թափքը՝ SUV, նստատեղերը՝ 5» և այլն։ Այսինքն՝ ճիշտ նույն պարամետրերն են, որոնք ներկայացվել են Երևանի քաղաքապետի համար մեքենա գնելու նպատակով հայտարարված գնման մրցույթի տեխնիկական բնութագրում։

«Փաստերի ստուգման հարթակը»/Fip.am գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել  էլեկտրական նորագույն մեքենա գնելու։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից պատասխանել էին, որ «Mercedes EQE 500» մակնիշի էլեկտրամեքենան սպասարկելու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու բացատրել էին՝ ինչու․ «Տիգրան Ավինյանը ինչպես քաղաքապետի տեղակալ լինելու ընթացքում, այնպես էլ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո ծառայողական մեքենա չի ունեցել, վարել է և մինչ օրս անձամբ վարում է իր սեփական մեքենան»:

Մեքենայի գնման համար ներկայացված տեխնիկական բնութագրում նշված չափորոշիչների վերաբերյալ մի քանի հարց էինք տվել, մասնավորապես՝ քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ ո՞վ է կազմել մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա, արդյո՞ք մեքենաների շուկայի ուսումնասիրություն կատարվել է և արդյո՞ք հայտնի է՝ կա՞ն նույն տեխնիկական բնութագրով այլ մակնիշի մեքենաներ, ու խնդրել էինք բացատրել տեխնիկական բնութագրում նշված յուրաքանչյուր պարամետրը՝ ինչո՞ւ են ընտրվել հենց դրանք։

Քաղաքապետարանից պատասխանել էին ընդհանուր, առանց մանրամասների՝ տեղեկացնելով, որ մեքենայի տեխնիկական բնութագիրը կազմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչությունը:

«Չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետի աշխատանքային գործունեության, և ըստ այդմ՝ տեղաշարժվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։ Այսինքն, չի ընտրվել կոնկրետ մեքենա, որի հետ կապված մշակվի տեխ. բնութագիր, այլ մշակվել է մեր չափորոշիչներին և պատկերացումներին համապատասխան տեխնիկական բնութագիր, որը գնումների օրենսդրության համաձայն՝ ներկայացվել է էլեկտրոնային թափանցիկ աճուրդի, այնուհետ հաղթող ճանաչված ընկերությունը ներկայացրել է Mercedes EQE 500 մակնիշի էլեկտրամեքենայի առաջարկ, որը համապատասխանել է տեխնիկական բնութագրով ներկայացված նվազագույն պահանջներին»,- ուղարկված գրավոր պատասխանում հավելել էին Երևանի քաղաքապետարանից:

Մեկ այլ թանկարժեք մեքենա՝ հյուրերի համար

Տիգրան Ավինյանին ծառայողական մեքենա գնելու մասին պայմանագրի կնքումից երեք օր անց՝ օգոստոսի 29-ին, քաղաքապետարանը նոր էլեկտրական մեքենա գնելու մասին պայմանագիր է կնքել։ Այս անգամ շուրջ 34 մլն դրամով (88.2 հազար ԱՄՆ դոլար) քաղաքապետարանը գնել է «Zeekr 009 black» մոդելի էլեկտրական շարժիչով մեքենա, և ինչպես Երևանի քաղաքապետարանից են տեղեկացրել, այն «հիմնականում սպասարկելու է Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակություններին»։ Այս անգամ գնումն իրականացվել է «Մուրան» ընկերության միջոցով։

Ինչպես Տիգրան Ավինյանի համար ձեռք բերվող մեքենայի դեպքում, այնպես էլ այս դեպքում հաղթող մասնակցի առաջարկած մեքենայի տեխնիկական պարամետրերն ամբողջովին համընկնում են հենց այն պարամետրերին, որը պահանջվել էր քաղաքապետարանի կողմից։ Ինչով էլ հենց հաստատվում է, որ ձեռք բերվող մեքենայի համար գրված տեխնիկական բնութագիրը կազմվել էր հենց այս մեքենայի համար։

Սակայն բացի այն, թե ինչպես էր որոշվել այս մեքենայի, օրինակ, արտաքին չափերի հստակ սահմանումը, անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել ձեռք բերել մեքենա, որը անպայման պետք է ունենա այնպիսի լրացուցիչ առավելություններ, ինչպիսիք են համայնապատկերային տանիքը, գծանշանների ճանաչման համակարգը կամ ճանապարհային նշանների ճանաչման համակարգը։

Երևանի քաղաքապետարանից «Փաստերի ստուգման հարթակի»/Fip.am գրավոր հարցմանը, թե ինչու է «Zeekr 009 black» մակնիշի մեքենան գնելու անհրաժեշտություն առաջացել, պատասխանել են, որ այն ներկայացուցչական դասի մեքենա է, հիմնականում սպասարկելու է Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակություններին, հետևաբար՝ ընտրությունը կատարվել է այդ չափանիշներով, այդ թվում՝ նաև չափսերի մեծությունը:

Մեքենայի տեխբնութագրի պահանջներում սահմանվել է, որ այն պետք է ունենա նվազագույն չափսեր՝ 5200մմ/2020մմ/1840մմ։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք այս չափանիշները սահմանելիս կատարվել է շուկայի ուսումնասիրություն և պարզվել է, որ Հայաստանում նման չափանիշներին համապատասխանում են մեկից ավելի մեքենաներ, ու խնդրել էինք տրամադրել այդ ուսումնասիրության արդյունքները։ Քաղաքապետարանից որևէ ուսումնասիրության արդյունք չեն տրամադրել, փոխարենը նշել են, որ մեքենայի ընտրության համար տեխնիկական չափորոշիչները մշակվել են՝ «հաշվի առնելով պաշտոնական պատվիրակությունների տեղաշարժն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները»:

Մեր մյուս հարցին, թե, օրինակ, ինչո՞ւ պետք է մեքենան ունենա նվազագույնը այս չափսերը և ոչ, օրինակ, 5000մմ * 2000մմ * 1800մմ կամ, ասենք, ինչու պետք է ունենա մեկ լիցքավորումով նվազագույնը 700 կմ վազք ու համայնապատկերային տանիք, արձագանքել են․

«Եվս մեկ անգամ նշենք, որ չի ընտրվել կոնկրետ մեքենա, որի հետ կապված մշակվի տեխ. բնութագիր, այլ մշակվել է  համապատասխան տեխ. բնութագիր, որը գնումների օրենսդրության համաձայն՝ ներկայացվել է էլեկտրոնային թափանցիկ աճուրդի, այնուհետ հաղթող ճանաչված ընկերությունը ներկայացրել է «Zeekr 009 black» մակնիշի էլեկտրամեքենայի առաջարկ, որը համապատասխանել է տեխ. Բնութագրով ներկայացված նվազագույն պահանջներին»:

Մեր դիտարկմանը, թե մեր հարցերի հիմքում հնարավորինս մրցակցություն ապահովելու վերաբերյալ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջն է, ու հարցին, թե ինչպե՞ս է պահպանվել օրենքի այս դրույթը, Երևանի քաղաքապետարանից պարզապես չեն պատասխանել։

Օրենքի խախտում, մրցակցության սահմանափակում և ձևական մրցույթ

Այսպիսով, փաստենք` քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված երկու մեքենաների տեխնիկական բնութագրերը ճշտությամբ համապատասխանում են այն բնութագրերին, որը սահմանել էր քաղաքապետարանը, և եթե սրան գումարենք այն փաստը, որ երկու մրցույթներին էլ մասնակցել է միայն մեկ մասնակից, ապա ակնհայտ է դառնում, որ մեքենաների տեխնիկական բնութագրերը գրվել են կոնկրետ այս մեքենաների համար։ Արդյունքում խախտվել է «Գնումների մասին» օրենքի համապատասխան դրույթը՝ չափանիշները խտրական են և սահմանափակում են մրցակցությունը։ Նույն օրենսդրությամբ, գնման առարկայի բնութագիրը պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովի հնարավոր մասնակիցների համար և չպետք է հանգեցնի գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը։

Ավելին, բնութագիրը պետք է լինի օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է գնումը։

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի աշխատանքային գործունեության, և ըստ այդմ՝ տեղաշարժվելու  համար անհրաժեշտ նվազագույն պայմանները» արտահայտությունը Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, օբյեկտիվորեն հիմնավորված է համարում և ըստ այդմ էլ կազմել է վերը նշված տեխնիկական բնութագիրը։ Նման հիմնավորում կարելի է տալ բոլոր տեխնիկական բնութագրերին, սակայն փաստացի սա չի կարող համարվել օբյեկտիվորեն հիմնավորված։

Երկու մրցույթների դեպքում էլ քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ինչպես է որոշել, օրինակ, մեքենայի արտաքին չափսերի նվազագույն պահանջը կամ ինչո՞ւ պետք է մեքենան ունենա մեկ լիցքավորումով նվազագույնը 700 կմ վազք ու պանորամային տանիք՝ դրանով փաստացի զրկելով այլ հնարավոր մատակարարներին մրցույթին մասնակցելու հնարավորությունից։ Ավելին՝ քաղաքապետարանը փաստացի հաստատել է, որ չի կատարվել շուկայի ուսումնասիրություն, որով գուցե պարզվեր, որ իրենց կողմից պահանջվող տեխնիկական բնութագրերին համապատասխանում է մեկ մեքենա, և մրցույթը կրում է ձևական բնույթ։

Այսպիսով, գնման այս երկու գործընթացներում քաղաքապետարանն առերևույթ խախտել է «Գնումների մասին» օրենքի մի շարք դրույթներ, չի ապահովել մրցակցայնություն և մեքենաների տեխնիկական բնութագրերը կազմել է կոնկրետ մեկ ապրանքի համար։

Ի դեպ, գնումների վերահսկողության շրջանակներում դիմեցինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլ տալ տեսնել մեքենաները, սակայն վերջիններս հրաժարվեցին՝ պատճառաբանելով, թե հանձնման-ընդունման գործընթացն ավարտվել է և «մեքենան տեսնելու, դիտարկելու հասանելիություն հնարավոր չէ ապահովել»:

Հասմիկ Համբարձումյան, Սևադա Ղազարյան