ԵՄ-ն մտադիր է բյուջետային աջակցության շրջանակներում լրացուցիչ 13 մլն եվրո հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանն աջակցելու ֆինանսական բեռը նրա հետ կիսելու և ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը նպաստելու համար:
Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում այս մասին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Կուզենայի նշել, որ զբաղվում ենք նաև Ղարաբաղի հայերի ճակատագրով: Այդ նպատակով Եվրամիության և անդամ երկրների կողմից հատկացված օգնությունն ընդհանուր առմամբ հասնում է 100 միլիոն եվրոյի։ Բյուջետային աջակցության շրջանակներում որոշվել է 13 միլիոն եվրո ավելացնել կառավարության բյուջեում, որպեսզի կիսենք կառավարության ուսերին դրված բեռը՝ սրանով նպաստելով նաև բարեփոխումների իրականացմանը: Նաև պետք է նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ Հայաստանն օգտվում է Խաղաղության հիմնադրամից: Սա ամրապնդում է ձեր կարողությունները, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելուն»,- նշեց ԵՄ դեսպանը:
Նա հիշեցրեց, որ Եվրամիությունը 10 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին Խաղաղության հիմնադրամի միջոցներից՝ շեշտելով, որ Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով Հայաստանը ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել։ «Սա բարդ գործընթաց է: Այնուհանդերձ, Եվրոպական Միության ինստիտուտները, ինչպես նաև անդամ պետությունները և Հայաստանը աշխատանք են կատարել այդ ուղղությամբ»,- նշեց Մարագոսը:
Նա հիշեցրեց, որ ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի դիմակայունությանը և զարգացմանն աջակցելու ծրագիրը, ըստ որի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին տրամադրվելու է 270 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն:
«Հուսով ենք, որ սա կարևորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու և Եվրոպային ավելի մերձեցնելու, հատկապես գործարար կապերի զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև տարածաշրջանում և գլոբալ շուկայում տնտեսական կայուն զարգացում ապահովելու տեսանկյունից: Սա կարևոր է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ապահովման տեսլականն իրականացնելու համար: Այս տեսլականն ուղղված չէ տարածաշրջանում որևէ մեկի դեմ, այլ հետևողական է և համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը»,- հայտարարեց Մարագոսը:
Նա ընդգծեց նաև, որ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն դրամաշնորհների և վարկերի միջոցով ավելի քան 600 մլն եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանում՝ դրանք ուղղելով ենթակառուցվածքների, մասնավոր ոլորտի և կանաչ տնտեսության զարգացմանը և ձևավորելով ներդրումային հարթակ:
«Աշխատում ենք նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում: Սրանք մեր համատեղ աշխատանքի արդյունքն են»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյան