22/11/2024

ԲՐԻԿՍ-ին ընդառաջ՝ Էրդողանն ընդդեմ Պուտինի

Թուրքիայի նախագահի՝ Ալբանիա և Սերբիա այցը Ռուսաստանում ընկալվել է որպես ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին իր ներկայության համար «թիկունքային ապոհովություն ստեղծելու քայլ»:

Թուրքական «Այդինլիք» թերթի տպավորությամբ՝ Մոսկվայում Էրդողանի արտաքին քաղաքական զիջումներին կասկածամտորեն են մոտենում:

Խոսքն այն մասին է, որ Էրդողանը, հանուն ԲՐԻԿՍ-ին անդամակցության, պատրաստ չէ ՆԱՏՕ-ի հետ խզել կապերը: Ավելի բաց նրա արտգործնախարար Ֆիդանն է արտահայտվել, որ եթե Եվրամիությունը Թուրքիային ընդուներ, ապա ԲՐԻԿՍ-ին մասնակցության խնդիր չէր առաջանա:

Ալբանիայում Էրդողանը բացել է նորակառույց մզկիթ, որ ամենամեծն է Եվրոպայում. այնտեղ միանգամից կարող է աղոթել ութ հազար հավատացյալ: Թուրքիայի նախագահը հայտարարել է իսլամադավան այդ երկրներին ԱԹՍ-ներ մատակարարելու որոշման մասին, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի հարձակվել:

Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Կոսովոյի անկախությունը, որտեղ ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական ներկայություն ունի, բայց միաժամանակ զարգացնում է Սերբիայի հետ հարաբերությունները: Բանակցություններում քննարկվել է նաև թուրք-սերբական ռազմաարդյունաբերական համագործակցության հարցը:

Բայց դատելով թուրքական մամուլի հրապարակումներից՝ Էրդողանը Սերբիայի նախագահ Վուչիչի հետ քննարկումներում հիմնական շեշտը դրել է Բոսնիա-Հերցեգովինայի խնդրի վրա: Պետական այդ կառույցը կարող է լրջագույն ճգնաժամի մատնվել՝ կապված նրա կազմից Սերբական հանրապետության դուրս գալու հավանականության հետ:

Միջազգային փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Բոսնիա-Հերցեգովինայի կազմում Սերբական հանրապետության առաջնորդ Միլորադ Դոդիկը Մոսկվայի հովանավորյալն է։ Նա պարբերաբար բարձրացնում է Սերբիայի հետ միավորման հարցը:

Բանակցությունների ընթացքում, երևում է, Էրդողանը Սերբիայի նախագահ Վուչիչին խոստացել է Կոսովոյի իշխանությունների հետ կարգավորել հյուսիսային՝ սերբաբնակ տարածքների հարցը, եթե Բելգրադը երաշխավորի, որ Բոսնիա-Հերցեգովինայի համադաշնությունը չի փլուզվի:

Ոչ մի երաշխիք, իհարկե, չկա, որ Էրդողանը կկատարի խոստումը կամ Կոսովոյի իշխանությունները կընդառաջեն նրան, ինչպես նաև Բելգրադը կհրաժարվի Բոսնիա-Հերցեգովինան մասնատելու ծրագրից:

Խնդիրն այն է, որ Թուրքիան այս փուլում Մերձավոր Արևելքի իրադարձությունների հիմնական դերակատար չէ, իսկ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում Էրդողանը ձգտում է «երկրորդական խաղացող չլինել»:

Այս առումով Թուրքիայի նախագահին հաջողվել է ֆոն ստեղծել, բայց որքանո՞վ է դա դիվանագիտական ռեսուրս: Ի վերջո, ԲՐԻԿՍ-ը միայն Ռուսաստան չէ, այնտեղ են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան: Կազանի գագաթաժողովը կհաստատի Իրանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի մասնակցությունը:

Էրդողանի Ալբանիա և Սերբիա այցը շատ որոշակիորեն ակտուալացրել է Բալկանների աշխարհաքաղաքական կարևորությունը: Բելգրադում Էրդողանը հանդիպել է Սերբիայի իսլամադավան համայնքի ներկայացուցիչների հետ: Դա ևս մի ազդակ է, որ Թուրքիան Բալկանների մուսուլմանական համայնքների հովանավորն է:

Նրան ի՞նչ կտա այդ «ռեսուրսը» Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում, որ, ամենայն հավանականությամբ, բարդ են լինելու: Ակնհայտ է, որ Բալկաններում Ռուսաստանի ազդեցությունը շոշափելիորեն նվազել է, և Էրդողանի Տիրանա և Բելգրադ այցը «փափուկ ուժի» ցուցադրություն է: