22/11/2024

«Արտաքին սպառնալիքի» մասին Իլհամ Ալիևի ակնարկը Թեհրանում ընկալել են որպես Իրանի հանդեպ անվստահության դրսևորում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, հաղորդում է Irna-ն: Իրանի նախագահն ընդգծել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը» և հորդորել, որ լուծվեն անվտանգության հետ կապված հարցերը և ապահովել մարդկային շփումները:

Իրանի նախագահի գնահատմամբ՝ սահմանին պատնեշ կառուցելու անհրաժեշտություն չկա: Ադրբեջանը 2020 թվականից փակել է ցամաքային սահմանները, քաղաքացիների տեղաշարժն արգելված է:

Ակնկալվում էր, որ այդ սահմանափակումը հոկտեմբերի 1-ից կվերացվի, սակայն Ջեբրայիլում «բնակչության հետ հանդիպմանն» Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցամաքային սահմանները չեն բացվի, քանի որ դրանց փակումը կանխել է արտաքին սպառնալիքը:

Ադրբեջանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Մյուս բոլոր երկրների հետ Բաքվի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ բարեկամական, ռազմավարական-գործընկերային:

«Արտաքին սպառնալիքի» մասին Իլհամ Ալիևի ակնարկը Թեհրանում ընկալել են որպես Իրանի հանդեպ անվստահության դրսևորում. Իրանի նախագահի պատասխանը շատ թափանցիկ է, նա փաստացի կոչ է արել բացել սահմանը, ապահովել մարդկանց երկկողմ տեղաշարժը, նրանց միջև փոխադարձ շփումները:

Փեզեշքիան-Մուստաֆաև հանդիպմանն Ադրբեջանի փոխվարչապետն Իրանի նախագահին է փոխանցել COP29-ին մասնակցության հրավերը: Պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չի ասում Իրանի նախագահի պատասխան վերաբերմունքի մասին:

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել կողմերի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված հարցերին, բայց երկկողմ կտրվածքով: Irna-ի տեղեկատվությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ոչինչ չի փոխանցում:

Դրանից, իհարկե, չի հետևում, թե այդ խնդիրների շուրջ գոնե մտքերի փոխանակություն տեղի չի ունեցել, բայց, հավանաբար, որևէ ընդհանուր մոտեցում այդպես էլ չի ձևավորվել: Իրանի նախագահը նաև պատասխանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան «դեմ հարձակում գործած» անձի մահվան դատավճիռն ի կատար ածելու Բաքվի պահանջին:

«Մենք այդ գործին կհետևենք մինչև իրավաբանական գործընթացների վերջնական ավարտը»,– ասել է Մասուդ Փեզեշքիանը, ինչից հասկացվում է, որ մահապատիժն ի կատար ածելու հարցում Թեհրանը չի շտապում և մտադիր է իրավական ընթացակարգը մինչև վերջ հարգել:

Շահին Մուստաֆաևը հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով Ադրբեջանի հանձնաժողովի նախագահն է, միաժամանակ տարածաշրջանի հաղորդակցությունների հարցով ադրբեջանական կողմի հիմնական բանակցողը: Նրա Թեհրան ուղևորությունն այս իմաստով «ստուգողական նշանակություն» ունի:

Եթե իրանա-ադրբեջանական քննարկումները դիտարկենք «շղթայի մեջ»՝ սկսած Ալիև-Ռեիսի բանակցություններից, ինչից մեկ ժամ անց Իրանի նախագահը ենթարկվեց օդային աղետի, ապա Փեզեշքիան-Մուստաֆաև բանակցությունները թողնում են «կտրվածքը վերականգնելու փորձի» տպավորություն, ինչին, երևում է, իրանական կողմը չի աջակցել:

Հակառակ դեպքում կընդգծվեր, որ հարաբերությունները «կզարգանան նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով»: Նման շեշտադրումներ պաշտոնական հաղորդագրությունը չունի. Իլհամ Ալիևը կբացի՞ Իրանի հետ ցամաքային սահմանը: Ըստ երևույթին՝ ոչ: