Հայաստանում 47 ոստիկան թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից:
Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը. «Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»:
Նախարարը նաև ներկայացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6%:
«Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից, միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39%-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից: Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են։
Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։
Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:
2021-ից 2023 թվականներին ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու»,- նշեց նախարարը:
Նր խոսքով՝ վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է։
Բաց մի թողեք
ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Լուսանկար