ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ամերիկյան Newsweek կայքում հրապարակած հոդվածում մի քանի դրույթ էր առաջ քաշել, թե ինչպես հայկական կողմը կարող է հակազդել Ադրբեջանի քարոզչությանը՝ COP29-ին ընդառաջ։
Օսկանյանի առաջ քաշած թեզերի մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունի Աղաջանյանի հետ։
– ՀՀ ներկա իշխանությունները կարո՞ղ էին օգտվել Օսկանյանի հուշումներից ու Ադրբեջանի՝ COP29-ին կազմակերպված հակազդեցություն ցույց տալ։
– Սա առաջին անգամը չէ, որ պրն. Օսկանյանն իր մասնագիտական օգնությունն ու առաջարկներն է ներկայացնում գործող իշխանություններին՝ հույս ունենալով, որ ականջալուր կլինեն և կդադարեցնեն հանձնվողական ու պարտվողական արտաքին քաղաքականություն իրականացնել, սակայն, ապարդյուն: Եվ դա մեկ բացատրություն ունի. այս իշխանություններն առաջնորդվում են դրսից թելադրվող թշնամական օրակարգով և հլու-հնազանդ կամակատարի պես իրականացնում բոլոր հրահանգները, որ ստացվում են արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոններից՝ ի վնաս Հայաստան պետության և հայ ժողովրդի: Այս առումով COP29-ը զուտ մեկ հանգրվան է այդ ճանապարհին: Սկզբում այս իշխանություններն, ըստ երևույթին՝ ամերիկյան ճնշման ներքո, համաձայնեցին զիջել այս համաժողովի իրականացումը Ադրբեջանին՝ ցեղասպան պետության, որը դրանից երկու ամիս առաջ ագրեսիվ ռազմական գործողությունների ու էթնիկ զտման միջոցով, պատմության մեջ առաջին անգամ հայաթափել էր Արցախը: Շատ լավ հասկանում էին, որ դրանով օգնելու էին Ադրբեջանին մաքրագործվել գործած հանցանքներից: Ակնհայտորեն, Արևմուտքն էլ հույս ուներ, որ գերիներին ու պատանդներին վերադարձնելով, իրենք կազատվեն Արցախի հայաթափման մեղսակցության մեղքից: Սակայն Ադրբեջանը հավատարիմ գտնվեց իր տեսակին և, ստանալով ամենը, «գցեց» թե՛ Արևմուտքին, թե՛ հայկական կողմին, միայն գերիների մի մասին ազատ արձակելով, մյուսներին որպես բանակցային գործիք պահելով և ապահովագրելով իրեն գործած հանցանքի համար արևմտյան ճնշումներից, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառումից:
– Դուք COP29-ին հակազդելու, գերիների թեման բարձրացնելու համար ի՞նչ կառաջարկեիք, ի՞նչ քայլերի գնալ, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում որոշ չափով իրավիճակը մեր օգտին դասավորվի։
– Ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում հայանպաստ գործողությունների համար անհրաժեշտ նախապայման է ազգային իշխանությունների գոյությունը, որն առաջնորդվում է բացառապես մեր ազգի ու պետության շահերով: Ակնհայտ է, որ մենք գործ ունենք լրիվ հակառակ իրավիճակի հետ: Դրա ակնհայտ դրսևորումներն են կառավարության ղեկին նստած անձի ելույթներն ու հայտարարությունները, որոնք միայն թշնամու ջրաղացին են ջուր լցնում: Ելույթ ունենալով աշխարհի ամենաբարձր ամբիոնից՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նշյալ անձն անգամ ակնարկ չի անում մեր գերիների ու Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության մասին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի մշտական ոտնահարումները և կոչ անելով թե՛ մինչև COP29-ը, թե բոլոր մնացյալ միջազգային միջոցառումների ժամանակ պահանջելով Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարում, դատապարտող քայլերի, բանաձևերի ու հայտարարությունների ընդունում` անդամ պետությունների կողմից: Դրան հասնելու համար թե՛ Մարդու իրավունքների խորհրդում, թե՛ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում պետք էր բանաձևեր նախաձեռնվեին թե՛ արցախահայերի ցեղասպանության, թե՛ գերիների ու պատանդների ապօրինի պահման, թե՛ Արցախում իրականացվող մշակութային ջարդի վերաբերյալ, որոնք շարունակվող ցեղասպանական գործողությունների ապացույցներ են: Բնականաբար, բանաձևերի ընդունման գործընթացը հեշտ չէր լինի, բայց դա ճնշման ու զսպիչ գործիք կարող էր դառնալ Ադրբեջանի բռնապետի վրա ազդելու և դրական արդյունք գրանցելու համար: Դա նաև օժանդակող միջոց կլիներ բոլոր անդամ պետություններից համապատասխան կեցվածք պահանջելու համար, ինչն իր անուղղակի, բայց կարևոր ազդեցությունը կունենար թե՛ համաշխարհային իրազեկման, թե՛ COP29-ը մաքրագործման համար օգտագործելու ջանքերը ձախողելու տեսանկյունից: Նշված խնդիրների բարձրաձայնման և օրինական պահանջներ ներկայացնելու առումով բազմաթիվ բազմատեսական քայլեր և գործողություններ են հնարավոր թե՛ պետական, թե՛ հանրային մակարդակներում: Սակայն դրա համար պահանջվում է կամք, որոշում, և հետևողական ջանքեր, որոնք բոլորն են բացակայում են կառավարության ղեկին հայտնված խմբակի քաղաքական և ազգադավ դիրքավորման պատճառով:
-Հնարավորություն կա՞ր ընդհանուր առմամբ Ադբրեջանին ստիպելու, որ COP29- ի շրջանակներում Բաքվի բռնապետը վերջապես ազատ արձակեր մեր գերիներին։
-COP29-ի շրջանակն առնչություն չունի գերիների ու պատանդների խնդրին, դա բնապահպանական հավաք է: Սակայն դրան ընդառաջ՝ միանշանակ: Այնուհանդերձ, ես չեմ տեսնում նման ցանկություն ադրբեջանական կողմից, և համապատասխան կամք ու վճռակամություն դրան հասնելու՝ Հայաստանի իշխանությունների կողմից: Բոլոր մնացած քայլերը կամ հայտարարությունները, պարզապես, ուղղված են հանրության աչքին թոզ փչելուն և իրենց իրական նպատակների կոծկմանը: Սա վերաբերում է նաև արևմտյան տարբեր մայրաքաղաքներից հնչող ձևակերպումներին, որոնք խոսակցական դաշտից այն կողմ չեն անցնում և պետք է դիտարկվեն բացառապես իրենց ներքին ընտրական գործընթացների համատեքստում:
-Ինչո՞ւ այս իշխանությունները համառորեն չեն ուզում ականջալուր լինել պրոֆեսիոնալների խորհուրդներին։
-Խնդիրը շատ պարզ է: Մասնագետների խորհուրդներն ու առաջարկներն ուղղված են Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, սեփական շահերից բխող քաղաքականություն վարող միավորի դիրքերի պահպանմանն ու ամրապնդմանը, ինչը թույլ չի տա հանձնվողական ու զիջողական քաղաքականություն վարել, երկիրը տանել կործանման, ամենօրյա աղետներով ու կորուստներով ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը: Չնայած հնչող հայտարարություններին, գործող կառավարությունը և նրա գլխին հայտնված անձը իրականացնում են գոյություն ունեցող հայկական պետության կազմաքանդման գործընթաց՝ այն ներկայացնելով «իրական Հայաստան, պատմական Հայաստան» հակադրության համատեքստում: Դա բխում է Արևմուտքի հանդեպ իրենց ունեցած հանձնառություններից, որոնցից խուսափել կամ խուսանավել իրենք այլևս չեն կարող: Դա թակարդ է, որը իրենք են հյուսել թե՛ իրենց, թե՛ մեր բոլորի գլխին՝ պետության ու ժողովրդի: Դրանից դուրս գալ հնարավոր կլինի միայն համազգային ու համընդհանուր բողոքի ու անհնազանդության միջոցով, որը կստիպի արևմտյան թելադրող կենտրոններին վերանայելու իրենց աներկբա աջակցությունը գործող իշխանությանը և հեռացնելու դրանց: Դա հնարավորություն կտա իշխանության բերելու ազգային շահերով առաջնորդվող, մասնագիտական հմտություններ ու փորձ ունեցող մարդկանց, որոնց ջանքերով հնարավոր կլինի ոչ միայն պահելու մեր պետությունը, այլև հետամուտ լինելու մեր ազգային խնդիրների լուծմանը՝ արժանի և արժանապատիվ տեղ զբաղեցնելով միջազգային լանդշաֆտում ու ձևավորվող աշխարհակարգում:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ