ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները չպարզված երեք անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբ, որտեղ չնչին առիթով վիճաբանել է քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ։
Վիճաբանությունը շարունակվել է ակումբի դիմացի հատվածում, որի ընթացքում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ակումբի դիմաց՝ բնակելի շենքերի տարածքում, տևական ժամանակ աղմկել, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել և վիճաբանել քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ՝ չենթարկվելով նշված ակումբի անվտանգությունն ապահովող աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորներին: Նշված հանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել:
Նկարագրված խուլիգանական գործողությունների ընթացքում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մեկ այլ անձի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական հեղինակություն հանդիսացող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Բաց մի թողեք
Քաղաքացին հայ-իրանական սահմանից թմրամիջոցներ է վերցրել․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ Լուսանկար
Վեճ ու սպանություն Շիրակի մարզում. մասնակիցները համագյուղացիներ են, կա ձերբակալված
Մեքենա ներմուծելու նպատակով «Գազպրոմ Արմենիա»-ի բաժնի պետի տեղակալից խաբեությամբ գումար են վերցրել