Թուրքիայի խորհրդարանում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Զեկույցով հանդես են եկել պաշտպանության և արտաքին գործերի նախարար Գյուլերը և Ֆիդանը:
Բանավեճի մասին տեղեկություն չի տարածվել, բայց հաջորդ օրը, Ալբանիա և Սերբիա ուղևորվելուց մի քանի ժամ առաջ, Թուրքիայի նախագահը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստ է հրավիրել և քննադատել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզելին:
Էրդողանի գնահատմամբ՝ ամոթալի է, երբ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նման պատկերացում ունի երկրի անվտանգության և մեզ շրջապատող սպառնալիքների մասին:
Բալկանյան շրջայցից վերադարձի ճանապարհին Էրդողանը հարցազրույց է տվել ուղեկցող լրագրողներին: Հարցին, թե մունիցիպալ ընտրություններում պարտությունից ի՞նչ հետևություն է արել, նա պատասխանել է, որ ըստ երևույթին «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահների և տեղական պատասխանատուների փոփոխություն կլինի:
Իշխող կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու մասին տեղեկությունը թուրքական իշխանամերձ մամուլը տարածել է դեռևս ամիսներ առաջ, բայց կոնկրետ ժամկետներ այդպես էլ հայտնի չեն:
Մունիցիպալ ընտրություններից հետո Էրդողանը հանդիպել է ընդդիմության առաջնորդ Օզելի հետ: Փորձագետները տպավորություն ունեին, որ կողմերը կարող են համաձայնության գալ նոր սահմանադրության հարցում: Էրդողան-Օզել բանակցությունները, սակայն, արժանացել են ընդդիմության նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուի կոշտ քննադատությանը: Նա ասել է, որ ընդդիմությունը պետք է պայքարի իշխանության համար, ոչ թե նրա հետ պալատական քննարկումների մեջ մտնի:
Այս ֆոնին «Հուրիեթը» տեղեկություն է հայտնել, որ Էրդողանը նախապատրաստվում է արմատապես փոխել կառավարությունը: Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարցը քննարկված է, նախնական որոշումն՝ ընդունված:
Ըստ այդմ՝ գործող կառավարության չորս անդամ կպաշտպանի պաշտոնը: Էրդողանը որոշել է չփոխել ֆինանսների, պաշտպանության, արտաքին գործերի և բնական պաշարների ու շրջակա միջավայրի պահպանության նախարարներ Շիմշեկին, Գյուլերին, Ֆիդանին և Քուրումին:
Ի՞նչ կառավարություն է ձևավորելու Թուրքիայի նախագահը: Որոշ փորձագետներ համարում են, որ քաղաքական իսլամի և նորօսմանականության ուղեգիծը ներկա պայմաններում քննություն չեն բռնում՝ հանդիպելով Միացյալ Նահանգների և Եվրամիության հակազդեցությանը: Էրդողանը կհաղթահարի՞ փորձությունը: Շաբաթավերջին նա սպասում է Գերմանիայի կանցլեր Շոլցին: Ի՞նչ է առաջարկելու Արևմուտքը, որպեսզի Թուրքիան հօգուտ եվրասիականության «կողասահք» չանի:
Բաց մի թողեք
COP17-ը կանցկացվի Հայաստանում. Լուսանկար
Ադրբեջանը «կիսապաշտոնապես ողջունել» է, ի՞նչ է փոխվել
ԱԽ նիստը անցկացվում է ներիշխանական ինտրիգների «շքերթի» պայմաններում, ինչ կար ․․․