ՀՀ քննչական կոմիտեն արդեն մի 10-15 օր է՝ նշում է իր տասնամյա հոբելյանը։ Բազմաթիվ միջոցառումներ արեցին, հոբելյանական ալբոմ տպեցին, հոբելյանական երեկո արեցին Օպերայում։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթն այդ երեկոյի ժամանակ ուղղակի հնարավոր չէ առանց արցունքի լսել։ Մանավանդ՝ այն հատվածում, երբ օրհնում է, թե Աստված պահապան մեր ինքնիշխան պետականությանը։ Երեւի ամեն անգամ, երբ քննչականների պատուհանից մարդ են ցած նետում, ամեն անգամ, երբ ծեծելով ցուցարար են բերման ենթարկում կամ գործ են «կարում», Արգիշտի Քյարամյանը շուտասելուկի նման շշնջում է՝ «Աստված պահապան, Աստված պահապան», ու չես հասկանում՝ զոհերի՞ն պահապան, թե՞ քննիչ-ոստիկաններին։ Քննչականը քար լռություն է պահում խոշտանգումների կամ մահերի վարույթների շուրջ։ Դրանք եթե անգամ հարուցվում են, հետո անաղմուկ կասեցվում են։
Թվում է՝ ի՞նչ տոնական ելույթ պետք է ունենա մի ղեկավար, որի անարդյունավետ աշխատանքի հետեւանքով հանցավորությունը՝ սպանությունները, իրար «գյուլլելը», նարկոթրաֆիքինգը, թալանն ու կոռուպցիան խեղդում են Հայաստանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կոռուպցիան, որի դեմ պայքարի մասին թմբկահարվում է 2018 թվականից, ավելացել է մոտ 30 տոկոսով։ Օրինակ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվն անցյալ տարվա առաջին կեսին կազմել է 833 դեպք, մինչդեռ իշխանափոխությունից մեկ տարի անց 632 դեպք կար գրանցված։ 4 տարում 201 դեպքով ավելացել է կոռուպցիան։ Հիշեցնենք. խոսքը բացահայտված կոռուպցիայի մասին է, ոչ թե առկա։ Ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ անցյալ ամիս ահազանգել էր առանձնապես ծանր ու զենքի գործադրմամբ հանցագործությունների աճի մասին։ Այնքան մտահոգիչ է հանցավորության վիճակը Հայաստանում, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ ՔՊ խմբակցությունն այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրեց, որտեղ քննարկել են «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքները»։
Չնայած հանցավորության աճին, գրեթե կրկնապատկվել է համակարգի ծառայողների աշխատանքի վարձատրությունը՝ ասաց Քյարամյանն իր ճառում։ Ինչո՞ւ են բարձրացնում քննիչների աշխատավարձը, եթե հանցագործություններն օրեցօր ավելանում են, այս պարագայում ավելի ճիշտ չէ՞ր լռել ու չնշել տապալված համակարգի 10-րդ տարեդարձ կոչված տոնը։ Իսկ Քյարամյանի ճառը սկսվում է Ադամ-Եվայի ժամանակներից՝ 1961 թվականի Քրեադատավարական օրենսգրքից, նախաքննական լիազորությունների կենտրոնացումից։ Նա դասախոսություն է կարդում միասնական քննչական մարմնի ստեղծման թեմայով, մարմին, որն իբրեւ թե ապահովում է քննիչների անկողմնակալութունը։ Փաստորեն, այն ժամանակ քննիչները կողմնակալ էին, իսկ հիմա անաչա՞ռ են։
Փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը գլխավոր քննչական վարչությանը բազմաթիվ դիմում-բողոքներ է ուղղել՝ քննիչների կաշառակերության մասին, դատախազությանը, Նիկոլ Փաշինյանին, անգամ առաջարկել է իրեն պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար, բայց ոչ մի արդյունքի չի հասել, ասում է․ «Քյարամյանն իրականությունը չի ներկայացնում, այսօրվա քննիչներն ավելի կամակատար են, քան երբեւէ, որովհետեւ այսօր աշխատում է բուրգի սկզբունքը՝ վերեւից ինչ հանձնարարություն որ ստանում են, պետք է կատարեն, եթե չեն ուզում զրկվել իրենց բարձր աշխատավարձից։ Այդ աշխատավարձի չափն այսօր որոշիչ է»։ Քննչական կոմիտեն միասնական մարմին է, այլ կառույցներից անկախ, եւ սա գնահատվում է որպես անաչառության բարձրացում, եւ, միեւնույն ժամանակ, իր ներսում հիմնում է սեփական «Փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի մասին եւ խոսեց Քյարամյանը։ Իսկ քննիչներին ենթակա մարմինն անաչառ եզրակացություններ կտա՞։ «Եթե հիմա փորձագետները որոշակի անկախություն ունեն, կեղծ եզրակացության համար պատասխան են տալիս իրենց ստորագրությամբ, ապա այս դեպքում լինելու է նույն ենթակայությունը քննիչին, որի արդյունքում փորձագետները կաշկանդված են լինելու ու չեն կարողանալու կատարել անաչառ փորձաքննություն, ե՛ւ քննիչը, ե՛ւ փորձագետը ենթարկվելու են նույն մարմնին, նույն ղեկավարին, որը նախընտրելի եզրակացություններ կարող է ստանալ»,- ասում է փաստաբանը։
«Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավելի արագ եւ որակյալ նախաքննության ապահովումը, իսկ ինչպե՞ս մենք կարող ենք ավելի արագ եւ արդյունավետ նախաքննություն իրականացնել՝ որակյալ կադրեր ունենալով․ սա է մեր առաջնահերթությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քննչական կոմիտեն կարողանանք համալրել որակյալ կադրերով, մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը»,- ասում է Քյարամյանը՝ խոսելով նաեւ «բարի ավանդույթների» պահպանման մասին։ Ի՞նչ բարի ավանդույթներ նկատի ունի։ «Ո՞նց թե՝ ինչ ավանդույթ։ Մարդկանց պատուհաններից դուրս նետելու, խոշտանգելու, գործերը կոծկելու ու չբացահայտելու ավանդույթները։ Մարդիկ կոռուպցիայի դեմ պայքարի փառահեղ փորձ ունեն, բոլոր խոշտանգումները կազմակերպված են ամենաբարձր մակարդակով, իհարկե, սրանք՝ բոլորը, ավանդույթներ են։ Հանցավոր տրամաբանությունը, բոլոր բացասական տենդենցները, որոնք եղել են մինչեւ 2018 թվականը, պահպանվում են սրբորեն, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ կատարելագործում են։ Իհարկե, իրենք համարում են, որ առաջընթաց ունեն, հարցն այն է, թե դրանից ինչ է շահել Հայաստանը։ Կարծում եմ՝ ոչինչ, որի վառ օրինակը բազմաթիվ չավարտված գործերն են, որոնք պետք է վաղուց ավարտված լինեին»,- նշեց փաստաբանը։
ՀԳ․ Արգիշտի Քյարամյանը գովաբանում է կառավարությանը, որն անաչառ քննչական ծառայություն է ստեղծել, Փաշինյանն էլ, որը ներկա էր միջոցառմանը, գովում է Քյարամյանի կառույցը, ընդգծում է «քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը», այն գնահատում որպես ներդրում արդարություն հաստատելու գործում եւ ՔԿ մի խումբ աշխատողների հուշամեդալով, շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով պարգեւատրում։ «Կկուն գովում է աքլորին, որովհետեւ նա էլ կկվին է գովում»,- կասեր մեծն առակագիրը, ու դեռ ինչքա՜ն առակներ կլսենք։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ