Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի, գրել է «Շամշյանը»։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարրոր գործերով ավագ քննիչ Արսեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է ցուցաբերել ու ոստիկանության անչափահասների գործով բաժանմունքի տեսուչ Արման Գասպարյանը նկատել է, որ նա ձեռքի միջից փորձում է հանել դանակը ու իր գործընկերների հետ, վտանգելով իրենց կյանքը, դանակը խլում են, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։
Հայտնաբերված դանակի վրա առկա է արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը