23/12/2024

Երևանի պատվավոր քաղաքացի Լուկաշենկոն ու Զորի Բալայանը կանսա՞ն Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների ուղերձին

Երևանի ավագանին Երևանի 2806-ամյակի առթիվ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների որոշ անդամներ, բնականաբար, որոշեցին «հարամել» պատվի արժանացման՝ ավագանուն վերապահված այս գործընթացն ու քաղաքականացնել այն։ «Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև Երևանի մտահոգ քաղաքացի»,- մասնավորապես հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ապա, դիմելով Երևանի պատվավոր քաղաքացիներին, առաջարկեց, որ մինչև նոր տարի նրանք ապրեն երևանցու հոգսով։ «Շատ եմ խնդրում, որ նրանք գան, երբ որ քաղաքապետարանը նախորդ տարի «կարմիր գծերը» թանկացնում էր, հիմնավորումը գրում էր, որ Կենտրոնը պետք ա բեռնաթափենք, որպես պատվավոր քաղաքացի որ գան, կանգնեն մեր կողքը կամ ձեր կողքը, մեր ձայնը մի 100 անգամ ավելի հեղինակավոր կլինի մեր պատվավոր քաղաքացիների պարագայում։ Նաև որպես պատվավոր քաղաքացի, պարոն Արեյան, ձեր կողմից եմ ակնկալում որոշակի քայլեր…»։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ, ի պատասխան Մանուկյանի առաջարկի, նկատեց՝ ինքը ոչ թե պատվավոր, այլ՝ հավերժական քաղաքացի է։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանն էլ, միանալով Մանուկյանի առաջարկին, իր հերթին քաղաքականացրեց հարցը (հընթացս պիտակավորեց աշխարհահռչակ տենոր, դիրիժոր Պլաչիդո Դոմինգոյին, նրան անվանեց «թոշակառու երգիչ»). «Այո, Երևանի պատվավոր քաղաքացիները պետք է լինեն առաջին հերթին մտահոգ քաղաքացիներ, Երևանի կյանքով ապրող քաղաքացիներ, այլապես դուք կարող էիք նույն հաջողությամբ Պլաչիդո Դոմինգոյին շնորհել այդ կոչումը՝ պատվավոր քաղաքացու, ոսկե մեդալը տվեցիք արդեն, և ձևակերպումը ծիծաղելի էր իհարկե՝ հայ մշակույթի մեջ մեծ ավանդ ունենալու համար։ Այսինքն՝ այդ ավանդը ո՞րն է, Երևան-Էրեբունի երգը երգելու համա՞ր։ Լավ կլինի, որ այդ պատվավոր քաղաքացիները գան, մասնակցեն մեր նիստերին և տեսնեն, թե ինչպես են ընդունվում որոշումներն ու ինչ որոշումներ են ընդունվում և ում ձեռքից են այդ պատիվը առնում»։

Ավագանու ընդդիմադիր անդամների ուղերձը Երևանի պատվավոր քաղաքացիներին, ենթադրում ենք, վերաբերում է բոլորին՝ առանց խտրականության։ Մասնավորապես նաև նրանց, ովքեր կոչում են ստացել, սակայն երևանցին տեղյակ չէ, թե մասնավորապես որ ավանդի, որ ներդրումի համար։

Տիկին Տեր-Մինասյանն ու պարոն Մանուկյանը տեսնես տեղյա՞կ են, թե ովքեր են Երևանի պատվավոր քաղաքացիները, գոնե աչքի անցկացրե՞լ են քաղաքապետարանի կայքում զետեղված համապատասխան ցանկը։ Ավագանու ընդդիմադիր անդամների առաջարկը լավ առիթ է՝ թերթելու այդ 118-հոգանոց ցանկը, որտեղ կան անձինք, որոնք բացի այն բանից, որ չեն ապրում Երևանում, ոչ մի օր չեն ապրել, այլև օտարազգի են, մեկումեջ էլ՝ Հայաստանի, ՀՀ ղեկավարության հասցեին անլվա արտահայտություններ են թույլ տալիս։ Ասենք՝ Բելառուսի Հանրապետւթյան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացել նախկին իշխանության օրոք՝ 2001 թվականին, Ռոբերտ Նազարյանի քաղաքապետ եղած ժամանակ։ Թե ո՞ր ավանդի համար՝ պատմությունը լռում է։ Հետաքրքիր է՝ եղե՞լ է դեպք, որ Բելառուսի նախագահը հետաքրքրվի այն քաղաքի խնդիրներով, որի պատվավոր քաղաքացի է։ Հուսանք՝ նա հետևել է ավագանու նիստին ու որոշակի հետևություններ կանի Մանուկյանի և Տեր-Մինասյանի հայտարարություններից։ Մեջը կսկսի «թասիբը» եռալ, ու չի բացառվում, որ տեսակապով միանա ավագանու աշխատանքներին՝ տեսնելու, թե ի՜նչ հրաշալի, կոնստրուկտիվ և ամենակարևորը՝ «կուլտուր-լուսավորչական» մթնոլորտում են ընթանում ավագանու աշխատանքները այն հինավուրց մայրաքաղաքի, որի պատվավոր քաղաքացի լինելու բախտին է արժանացել նաև ինքը։

Հիշեցնենք, որ Ա. Լուկաշենկոն 2001-ի մայիսին 15-հոգանոց պատվիրակությամբ պաշտոնական այցով ՀՀ էր ժամանել։ Երևի «Բատկայի» ինքնասիրությունը շոյելու, պատիվ-հարգանքը բարձր մակարդակի հասցնելու համար որոշել են բռնել ու… մի կոչում էլ Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհել։

Նշենք, որ Երևանի պատվավոր քաղաքացի են այլ պաշտոնատար անձինք ևս՝ Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինը, որը այս պատվին արժանացել է 2005-ին, ՌԴ նախագահ Բորիս Ելցինը (2002 թ.), Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչման (2002), Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը (2002), Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկին (2001), Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդը (2001), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը, Վրաստանի Հանրապետության նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Արգենտինայի Հանրապետության նախագահ Կարլոս Մենեմը։

Պատվավոր քաղաքացի լինելու շնորհին են արժանացել նաև այլ հայտնի գործիչներ։ Մասնավորապես 1996-ին՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (եթե նա ողջ լիներ ու շարունակեր իր համերգային շրջագայությունը, տեսնես Սեդա Տեր-Մինասյանը նրան նույնպե՞ս հեգնանքով կդասեր «թոշակառու երգիչների» շարքին, ինչպես որ Պլաչիդո Դոմինգոյին դասեց ), Հենրիխ Մխիթարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, ֆուտբոլիստ (2012թ.), բանաստեղծ, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը (2006), ՀՀ վաստակավոր դերասան Աշոտ Ղազարյանը (2006), Զորի Բալայանը՝ գրող հրապարակախոս (2005), բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանը (1986), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ստորջրյա արագընթաց լողի ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն Շավարշ Կարապետյանը (1987), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի հերոս Վիկտոր Համբարձումյանը (1983)։ Երևանի պատվավոր քաղաքացի է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր, բարերար Գաբրիել Ջեմբերջյանը (2010), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը (2017), ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը (2001):

Նկատենք որ 2001 թվականին Երևանի պատվավոր քաղաքացու կոչման շնորհման «բում» է արձանագրվել՝ միանգամից 15 անձ է նման պատվի արժանացվել։

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, նշենք, կարող են արժանանալ այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությանը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում։

Հ. Մանուկյան