23/12/2024

ReA Fest-ը Երեւանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից

Հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի եւ անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը:

ReA Fest-ը Երեւանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից եւ ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։ Փառատոնին կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։ Փառատոնի մրցութային եւ ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի եւ այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաեւ պրեմիերաներ։

Անիմացիոն ֆիլմեր, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր․ ReA Fest

ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարեւորել է փառատոնի շրջանակում կազմակերպվող «ՄարԱնի» անիմացիոն շուկայի զարգացման գաղափարը եւ հիշեցրել, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը՝ ՀԲԸՄ-ում. «Շուկայի շրջանակում կլինեն հյուրեր Disney-ից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։

Բանախոսները ներկայացնելու են VR-ի, AI-ի գաղտնիքներն ու տեխնոլոգիական հմտությունները։ Կարեւոր է նաեւ CoReAct համատեղ արտադրության հարթակը, որն առաջին անգամ նախորդ տարի է անցկացվել եւ միավորել է 15 պրոդյուսերի եւ 12 նախագիծ։ Այս տարի հարթակում 17 նախագիծ է ներկայացված, մասնակցելու է 15 միջազգային պրոդյուսեր։ Գնահատման խմբում առաջավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են ընդգրկված։ Ներկայացուցիչ կլինի «Եվրիմաժից», Անսիի փառատոնից, Frans TV-ից»։

Փառատոնի հիմնադիր տնօրենը կարեւորել է նաեւ ReA Comics նախաձեռնությունը, որի շրջանակում ներկայացվում են սփյուռքում եւ Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ։ 16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է կոմիքսների ցուցադրություն։ Նախատեսվում է «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ՝ այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։ Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ։

ReA փառատոնը կսկսի նաեւ ReA Comics-ի մատենաշարը եւ կներկայացնի հայերեն թարգմանված երկու գիրք. մեկը՝ գերմանական, մյուսը՝ ֆրանսիական՝ նվիրված Միսաք Մանուշյանին։

Շնորհանդեսները կազմակերպվելու են փառատոնի ընթացքում։