13/07/2025

Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ․ Տեսանյութ

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ և տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված և սպանած քաղաքացու դեպքից:

Նշվում է, որ պարզվել է սպանված տղամադրու ինքնությունը. նա Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է, որին օգոստոսի 16-ից ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժինը հետախուզել է:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Ժամը 14.51-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Էջմիածին» բժշկական կենտրոնից. «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:

ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։

«Պարզվել է, որ դեպքի օրը՝ առավոտյան, Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը «Մերսեդես» մակնիշի մեքենայով ուղևորվել է Երևան քաղաք՝ աշխատանքի։ Որպեսզի ճանապարհածախսը տնտեսի՝ վերցրել է պատահական երեք քաղաքացիների, որպեսզի տեղափոխի Երևան։ Հասել են Արգավանդ գյուղի վարչական տարածք, որտեղ ուղևորներից մեկի՝ Հրանտ Մնացականյանի և վարորդի միջև ուղեվարձի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևանի ուղղությամբ գտնվող կամուրջի մայթին։

Շարունակվող վիճաբանության ընթացքում Հրանտ Մնացականյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել և վնասվածքներ պատճառել վարորդին, իսկ վարորդը իր մոտ գտնվող դանակով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Հրանտ Մնացականյանին, որը րոպեներ անց մահացել է։

Դեպքի վայրից վարորդն իր «Մերսեդեսով» ուղևորվել է մոտակայքում գտնվող բենզալցակայաններից մեկը, որտեղ նաև աշխատում է որպես լիցքավորող, և վիրակապելով թևը՝ նույն ավտոմեքնայով ուղևորվել է «Էջմիածին» ԲԿ՝ բուժօգնության»,- պատմել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը։

Պարզվել է նաև, որ Հրանտ Մնացականյանին օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժինը հետախուզում էր:

Դեպքի բոլոր հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: