02/11/2024

Նվազում է Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ միջազգային հետաքրքրությունը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրն ԱՄՆ երբեք չի կապել նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ասելով նաև, որ ԱՄՆ ամիսներ առաջ էր ուզում տեսնել դրա ստորագրումն ու մղում էր կողմերին դրան, սակայն պայմանագիր ստորագրելը կախված է ոչ թե ԱՄՆ-ից այլ կողմերից՝ Հայաստանից ու Ադրբեջանից:

Ըստ էության՝ Վաշինգտոնից հնչող այս հայտարարությունը թողնում է տպավորություն, որ ԱՄՆ առնվազն այս փուլի համար «լվանում է ձեռքերը» և բավականին թափանցիկ ակնարկում, որ չունի իրավիճակի զարգացման առնչությամբ որևէ հանձնառություն: ԱՄՆ ընդունում է, որ իր մոտ չի ստացվե՞լ որևէ բան, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանը, կամ նրանցից մեկն է հրաժարվում շարունակել Վաշինգտոնի նախաձեռնության ներքո:

Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կայացավ արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով: Դրանից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ աշխատանքը:

Մեթյու Միլլերի ներկայիս հայտարարությունը հուշում է, որ ԱՄՆ կարծես թե չի հավատում այդ աշխատանքի մոտալուտ հաջողությանը: Դրա պատճառն Ադրբեջա՞նն է, որը առաջադրում է Խաղաղության պայմանագրի ստորագրման նորանոր պայմաններ՝ ի տարբերություն Երևանի, որը հայտարարում է համաձայնեցված կետերը ստորագրելու պատրաստակամության մասին:

Թե՞ Ադրբեջանի այդ դիրքորոշման պատճառն այն է, որ այս ժամանակաշրջանում նվազել է կամ նվազում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ միջազգային հետաքրքրությունը, ինչը թույլ է տալիս Բաքվին ավելացնել ագրեսիվությունն ու նախապայմանները:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետաքրքրության նվազումը կարող է լինել սպասողական վիճակի պատճառով: Վաշինգտոնը գուցե սպասում է Վրաստանի խորհրդարանի ընտրության ելքին, նաև ԱՄՆ նախագահի ընտրությանը: