ԱԺ ամբիոնից մատ տնկել, բարձրախոսին խփել, «արա»-ով իրար հետ խոսել, բղավել ու քաշքշել իրար, այնպես, որ ԱԺ դահլիճում ներկաները բաժանեն կռվողներին:
Հրապարակ թերթը գրել է․ Սա մեր իրականությունն է, եւ այս տեսարանների մասնակիցները Քննչական կոմիտեի նախագահն ու ՔՊ խմբակցության պատգամավորն են, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումներն էլ՝ այն վայրը, որտեղ տեղի էին ունենում այդ իրադարձությունները: Բայց խնդիրը ոչ թե էթիկան է, այլ այն բացահայտումները, որ տեղի ունեցան նախօրեին խորհրդարանում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է․ «Կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեն ուրիշ հարցեր լուծելու համար»։ Արգիշտի Քյարամյանը հակադարձում է` եթե կոռուպցիայից ենք խոսում, ուրեմն ինչո՞ւ են ինձ դիմել Ձեր որդու հարցով: Իսկ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Քննչական կոմիտեի 10-ամյակին ասում էր․ «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է»:
Մենք փաստաբան Միհրան Պողոսյանին հարցրինք` վերացվա՞ծ է:
– Եթե լսել եք Քյարամյան-Աղազարյան վեճը, ապա դա ինչի՞ մասին էր. եթե գործեր իսկապես չեն կարվում, որտեղի՞ց այսքան քաղբանտարկյալները Հայաստանում, եթե Փաշինյանը չի ստում…
– Բնականաբար, այս բոլոր հայտարարությունները նորմալ են, քանի որ վերջին 6 տարում այն ամենը, ինչի մասին հայտարարում է այս իշխանությունը, անում է 180 աստիճան հակառակը: Եթե ասում են, որ գործեր չեն կարվում, ապա ես կասեմ, որ կարվում են այնպիսի թելերով, որոնք իրավունքի հետ աղերս չունեն: Համապատասխան մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում, որովհետեւ մեզանում խաթարված է արդարադատության համակարգը, անձի մեղավորության եւ անմեղության հարցը ոչ թե որոշվում է քրեադատավարության ճանապարհով, այլ ինչ-որ կաբինետներում համապատասխան անձինք ինչ-ինչ ենթադրություններ են անում եւ որոշում, որ իքս անձը մեղավոր է իքս արարքի համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական գործերին, այլեւ՝ առհասարակ բոլոր գործերին: Եթե քաղաքական գործերը կառավարությունում են որոշում, ապա սովորական քաղաքացիների դեպքում ինչ-որ մի օպեր է որոշողը կամ ինչ-որ մի ԱԱԾ աշխատակից: Պետական սիստեմն աշխատում է այսպես: Այս ամենն ինքնին ենթադրում է գործ կարելու սկզբունքը: Անպայման չէ, որ անմեղ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսեն, որ նշենք՝ գործ է կարվում: Քրեադատավարական ընթացակարգի ցանկացած շեղում գործ կարել է: Եթե քրեադատավարական օրենսգիրքն ինչ-որ կետ չի նախատեսում, սակայն այն կյանքի է կոչվում, դա փաստում է, որ տվյալ պահին քրեական գործ է կարվում: Այնպես որ, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության ճիշտ հակառակ պատկերը: Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից պարզ դարձավ, որ քրեադատավարական պրոցեսներում բոլորն ինչ-որ գործընթացների մեջ են, ինչ-որ հանգամանքներ են քննարկում: Մեր դատական համակարգը լակմուսի թուղթ է: Նախկին դատավորների հանդեպ վերաբերմունքն էլ ցույց է տալիս նորանշանակ պաշտոնյաների մտածողությունը:
– Արգիշտի Քյարամյանի վարքագիծը շատերը կոչեցին խուլիգանական: Ի՞նչ տպավորություն ունեք Դուք:
– Մի քանի կարեւոր արձանագրում արեցի կատարվածից. ավտոներկրողների հետ կապված էր վեճը, գուցե Հովիկ Աղազարյանը չկարողացավ լավ բացատրել՝ ինչ է կատարվում, բայց իրականում տեղի է ունեցել հետեւյալը. պետությունը խաղի կանոններ է հայտարարել, մարդիկ օգտվել են այդ խաղի կանոնից, վերջում պետությունը որոշել է, որ խաղի կանոնները վերացնում է, եւ մարդիկ փորձում են այժմ ստանալ այն, ինչը պետությունը նախորդ խաղի կանոններով պարտավորված է անել: Տեսնելով, որ խնդիր է առաջանում, որոշել են մարդկանց կալանավորել, այսինքն` պատժում են նրանց, ովքեր պետությունից կփորձեն իրենց հասանելիք գումարը ստանալ: Ընդ որում` տվյալ ընթացակարգը հենց իշխանությունն է սահմանել: Աղազարյանը ճիշտ է ասում` կալանքն օգտագործվել է որպես ճնշման միջոց, որպեսզի մարդիկ հարկադրմամբ հրաժարվեն իրենց հասանելիքից, որոնք սահմանված են օրենքով: Հիմա սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ` պետության կողմից, քաղաքացիների նկատմամբ: Այդ բանավեճն արդյունքում դուրս եկավ իրավական ոլորտից եւ հայտնվեց ինձ համար ոչ ընդունելի դաշտում, բայց հաշվի առնելով, թե ընդհանուր պետական համակարգում ինչ է կատարվում, երեւի թե կատարվածը սովորական մի բան էր՝ հաշվի առնելով, թե ինչքան ավելի վատ իրադարձություններ են տեղի ունեցել: Խոսում էին տղամարդկությունից, բայց այդ լեքսիկոնի պարագայում անհասկանալի է, թե ինչ տղամարդկության մասին է խոսքը: Չգիտեմ, գուցե քաղաքականության մեջ սա արդեն նորմալ երեւույթ է: Այս ամենը զուտ փաստում է պետության չգոյության մասին: Պետական կառավարիչներն իրենց տեղում չեն: Պետությունը կառավարում են մարդիկ, ովքեր չպետք է լինեին նման բարձր հաստիքներում: Անձերը կարող են լինել չքնաղ, բայց երբ նայում ես՝ չորս կողմն այդ բառապաշարով են խոսում իրար հետ, դու չես կարող ընդդիմանալ դրան, իրենցից մեկը լինելու համար դու էլ պետք է դառնաս այդ խոսույթի կրողը: Ո՞վ ասաց, որ Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Վանեցյանի հայտնի ձայնագրությունն ավելի նորմալ է պետության համար, քան երեքշաբթի օրը տեղի ունեցածը: Ամեն անգամ, երբ մարսվում են նման դեպքերը, պետք է սպասենք ավելի վատին: Համակարգը բոլորին խժռում է, անգամ նրանց, ովքեր իրենց բնույթով այդպիսին են:
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը