06/06/2025

Մենք խոսել էլ չգիտենք, հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. Փաշինյան

«Չխոսելու քաղաքականությունը, մանավանդ ժողովրդավարության պայմաններում, չի կարող գործել»։

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով. «Ընդհանրապես չի կարող գործել, բայց ժողովրդավարարության պայմաններում առավել ևս չի կարող գործել»։

Վարչապետի համոզմամաբ՝ մենք խոսելու կուլտուրա չունենք:

«Երբ մենք ասում ենք խոսելու անհրաժեշտության մասին և խոսելու առիթներ ենք ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է՝ մենք խոսել էլ չգիտենք։

Որովհետև հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Սա շատ լուրջ պրոբլեմ է։ Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հարցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարեկեցության մեջ մտնում է նաև ազատությունը, ապա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի:

«Որովհետև ես գոնե տասնյակ դեպքեր եմ տեսել այցերի ընթացքում, ասենք՝ եվրոպական հյուրանոցներում, երբ որ ջուր կամ թեյ ես պատվիրում, գալիս է ինչ-որ մի մատուցող, սկսում է հայաստանյան հայերենով շփվել, ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, բնականաբար, հարց է ծագում, բա ինչո՞ւ ես արտագաղթել, ի՞նչն է պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել, ստեղ ես աշխատում: Հետո պարզվում է, որ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քաբաբ չի սիրում, և սրանից բխող այլ հետևանքներ, և մենք այս թեմաների հետ եթե չառնչվենք, արտագաղթ երևույթը չենք հասկանալու»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին. «Անընդհատ կենացներ ենք ասում՝ սփյուռքը գա, սփյուռքի ներուժը, ընենց անենք՝ գան, ինչի՞ համար գան, կներեք էլի, էդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գնա ապրի Մովսես գյուղում՝ կրակոցների տակ, ո՞վ, համենայն դեպս ցույց տվեք 15-20 նման դեպք: Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»:

Փաշինյանը նաև նկատեց, որ արդարությունը ժողովրդագրության անբաժանելի մասն է. «Որովհետև մարդը, մեկ, երկու, երեք, չորս անարդարության բախվելով, ասում է՝ եթե իմ երկրում՝ իմ տանը չեմ կարողանալու իմ իրավունքները պաշտպանել, ես ի՞նչ ունեմ ինձ կապող այս երկրի հետ. ժողովրդավարությունը օրինականությունն է, կարգուկանոնը, իրավակարգն է, անվտանգությունը՝ ներքին և արտաքին: Վախենամ՝ մենք, ժողովրդագրություն ասելով, սովորույթի համաձայն՝ կարող է հասկանանք միայն ծննդաբերությունը»:

Նիկոլ Փաշինյանը կիսվեց ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում առկա իր պատկերացումներով․ «Կարծում եմ՝ ժողովրդագրությունը այնպիսի ծավալուն է, որ ուղղակի կամ անուղղակի կապվում է դահլիճում ներկա յուրաքանչյուր անձի գործունեության հետ։ Ասում ենք՝ բարեկեցություն, կարևոր է, որ հասկացությունները ճշգրտենք կամ վերանայենք, որ համոզվենք, թե ճի՞շտ իմաստով ենք ընկալել բառերը։ Ի՞նչ նկատի ունենք բարեկեցություն ասելով, կարծում եմ, որ պետք է բարեկեցության հարցը դիտարկելիս նկատի ունենանք կենցաղային բարեկեցությունը, որ մարդն ապրելու նվազագույն պայմաններ պետք է ունենա։ Բարեկեցության մեջ մտնում է նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, առողջությունը։ Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»:

Նրա խոսքով՝ աղքատության երևույթի անկյունաքարային խնդիրներից մեկը կրթության հետ է կապված․ «Պետք է արձանագրենք նաև, որ ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Մեր իրականության մեջ ընդունված չէ խոսել արտագաղթ երևույթի մասին, դա բավարար չափով ուսումնասիրված չէ, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության զգալի հատվածի առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Այս երևույթը ընտանիքի պլանավորման վրա ազդում է, որովհետև մարդը մտածում է՝ ինչպես մի տղայի բանակ չգնալը ապահովի, դա ուրիշ խնդիր է, չորս տղայինը՝ ուրիշ»։