2023 թվականի մայիսի 27-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում:
Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել:
Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել:
Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից:
Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել: Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները:
2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է:
2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Բաց մի թողեք
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում