Եվրամիության առաջնորդները որոշել են փաստացի դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամության գործընթացը: Այդ մասին հայտարարվել է ԵՄ գագաթնաժողովից հետո:
Այս հայտարարությունը, բնականաբար, պայմանավորված է Վրաստանի նախընտրական իրավիճակով և խորհրդարանի մոտեցող ընտրությամբ, որը կայանալու է հոկտեմբերի 26-ին:
Եվրամիության գագաթնաժողովի այդ հայտարարությունը հազիվ թե դիտվի «Վրացական երազանքին» իր քաղաքականությունը փոխել ստիպող հանգամանք:
Ըստ ամենայնի՝Եվրամիության առաջնորդների այդ հայտարարությունը միտված է վրացական հանրության այն հատվածի նախընտրական, իսկ գուցե նաև հետընտրական առավելագույն մոբիլիզացիա ապահովելուն, ում համար Եվրամիության անդամակցության գործընթացը ունի սկզբունքային ուղենշի իմաստ և նշանակություն, նաև ինչու ոչ՝ տեղեկատվաքարոզչական ազդեցություն: Հայաստանի դիտանկյունից հարցն այստեղ բոլորովին այլ հարթության վրա է:
Եթե Վրաստանի կառավարող ուժը խորհրդարանի ընտրության արդյունքում պահպանում է իր դիրքերը, կարողանում է հաղթահարել հնարավոր հետընտրական ցնցումները՝ առանց Եվրամիության հետ սկզբունքային փոխզիջման գնալու, ապա հարց է առաջանում՝ Եվրամիությունը նահանջելո՞ւ է Վրաստանի անդամակցության հարցում արտահայտած դիրքորոշումից, այսինքն՝ վերականգնելո՞ւ է անդամակցության գործընթացը:
Որովհետև եթե «Վրացական երազանքը» պահի իշխանությունն առանց Եվրամիության հետ սկզբունքային կոմպրոմիսի, իսկ Եվրամիությունն էլ չնահանջի անդամության հարցում իր՝ նախօրեի արտահայտած դիրքորոշումից, ապա սա արդեն սկզբունքային փոփոխություն է Վրաստանի շուրջ աշխարհաքաղաքական ռեժիմում:
Իսկ դա էական նշանակություն է ունենալու ամբողջ Կովկասի ու նաև Հայաստանի համար: Եվրամիությունը, իհարկե, անգամ այդ դեպքում կփորձի վերադառնալ Թբիլիսիի հետ հարաբերության բարեխառն ռեժիմի, ի վերջո Բրյուսելը չի գնա առճակատման խորացման, և թերևս դրանում որեւէ կերպ շահագրգռված չի լինի նաև պաշտոնական Թբիլիսին: Կասկածից վեր է, որ բոլոր դեպքերում հետընտրական գոլորշին իջնելու է՝ այս կամ այն ներքաղաքական ստատուս քվոյով:
Հարցն այն է, թե Հայաստանի տեսադաշտից ինչ է բացվելու, երբ ցրվի այդ գոլորշի-մշուշը: Ու առանցքայինն այստեղ ոչ թե հարցն է, թե Վրաստան-ԵՄ հարաբերության այս կամ այն ռեժիմն ինչպես է անդրադառնալու Հայաստան-ԵՄ հարաբերության վրա, այլ ավելի առարկայական հանգամանքը՝ ինչպես է հնարավոր որևէ նոր ռեժիմ անդրադառնալու Հայաստանի ու ԵՄ առանձին անդամների, օրինակ՝ Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ հարաբերության վրա՝ հաշվի առնելով դրանցում էական և հասկանալի նրբերանգները:
Այդ իմաստով, պաշտոնական Երևանը թերևս արդեն այսօր, կամ ավելի շուտ նույնիսկ երեկ պետք է ինտենսիվ դիվանագիտական աշխատանք սկսեր այդ հարցերում անհրաժեշտ կարգավորումներ և կոմունիկացիաներ ձևավորելու համար, որպեսզի դրանք զգալիորեն դուրս բերվեն Վրաստան-ԵՄ հարաբերության կախվածությունից:
Բաց մի թողեք
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է