ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «դժվար բացատրելի» է որակել Մոլդովայի նախագահական ընտրություններում Մայա Սանդուի օգտին քվեների աճի տեմպերը: «Այն արդյունքները, որ մենք տեսնում ենք, փոփոխությունների դինամիկան, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջացնում»,- ասել է Պեսկովը:
Նրա ասելով՝ Կրեմլում արձանագրում են Սանդուի և հանրաքվեի այն մասնակիցներին, որ արտահայտվել են Եվրամիության կողմնորոշման օգտին, ձայների մեխանիկական, դժվար բացատրելի աճի տեմպերը և ավելացրել, որ քաղաքական գործընթացներից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել ահա այդ աճի անոմալիան:
Եթե Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի ձևակերպումների «դիվանագիտական նրբանկատությունից» վերացարկվենք և նրա խոսույթը գնահատենք այնպես, ինչպես ինքն է հասցեագրում մոլդովական և միջազգային հանրությանը, ապա կստացվի, որ պաշտոնական Մոսկվան Մոլդովայի նախագահական ընտրությունները և եվրահանրաքվեն հայտարարում է «կեղծված»:
Մոլդովայի, հատկապես հանրաքվեն տապալելու ուղղությամբ, Մոսկվան առավելագույն ջանքեր է գործադրել: Եվ եթե անգամ համարենք, որ 300 հարյուր հազար ընտրողի 15․000-ական ռումբլով կաշառելու գործը մոլդովական հատուկ ծառայությունները «թխել» են, ապա քաղաքական ինտրիգը ստույգ է. քվեարկությունից մեկ շաբաթ առաջ Մերձդնեստրի իշխանությունները Քիշնևին առաջարկել են Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեի տեղամասեր բացել նաև իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ինչը, բնականաբար, չի ընդունվել:
Փաստ է նաև, որ հօգուտ ԵՄ անդամակցության քվեները «մեխանիկորեն աճել են» մայրաքաղաքի և արտերկրի տեղամասերից ստացված արձանագրություններն ամփոփելուց հետո: Ըստ վերջին տվյալների՝ ընտրողների 50,12 տոկոսը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը «կողմ» է քվեարկել, իսկ գործող նախագահ Սանդուի թեկնածությունը պաշտպանել է քաղաքացիների 41 տոկոսը:
Մոլդովայում, այսպիսով, ներքաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է: Բացառված չէ, որ ռուսաստանամետ ընդդիմությունը եվրահանրաքվեի արդյունքների վերահաշվարկ պահանջի: «Կողմ» և «դեմ» քվեների տարբերությունը հազարից ավելի չէ: Ու թեև օրենքով հանրաքվեն լեգիտիմ է, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրողների ոչ պակաս, քան 33 տոկոսը, իսկ արդյունքը հաշվարկվում է 50+ մեկ քվե սկզբունքով, չի կարելի անտեսել, որ մոլդովական հանրության կողմնորոշումը փաստացի 50/50 է:
Նախագահական ընտրությունների արդյունքների մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությունը հատուկ շեշտում է, որ երկրորդ տեղում Սանդուի վարչակազմի կողմից պաշտոնանկ արված, ծագումով Գագավուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որը ստացել է ընտրողների 26,27 տոկոսի վստահության քվեն: Նոյեմբերի 3-ին, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղի ունենա նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցեն Մայա Սանդուն և Ալեքսանդր Ստոյանոգլոն:
Մոլդովայի նախագահական ընտրություններին և եվրահանրաքվեին նախորդած գրեթե մեկամյա շրջանում Գագաուզիայի ինքնավարության «բաշկան» Եվգենյա Գուցուլը մի քանի անգամ այցելել է Մոսկվա: Գուցուլը խորհրդատվություններ է անցկացրել նաև Թուրքիայի իշխանությունների հետ, քանի որ գագաուզներն էթնիկ թուրքախոս են:
Մոսկվան կօգտագործի՞ Գագաուզիայի խաղաքարտը, ինքնավարությունը կբարձրացնի՞ Մոլդովայից սեցեսիայի հարց: Ըստ երևույթին՝ Մոսկվան կկենտրոնանա մոլդովական հանրության «սոցիալիստական արժեքներ դավանող» հատվածի վրա: Կրեմլի մամուլի քարտուղարի դիտարկումներից հետևում է, որ Մոսկվան չի պատրաստվում «հանձնել» Մոլդովան:
Ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի: Բացառված չէ, որ խաղարկվի Մերձդնեստրի դեմ ռազմական սպառնալիքը կանխելու սցենարը: Դա, իհարկե, ամենավտանգավորն է, բայց չէ՞ որ Վլադիմիր Պուտինն ասում է. «Եթե տեսնում ես, որ կռիվն անխուսափելի է, առաջինն ինքդ հարվածիր»:
Բաց մի թողեք
Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Իսրայելում ադրբեջանական լրտեսական նոր ցանց է բացահայտվել
Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» միավորվելու արդյունքում ՌԴ մասնատելու ոչ մի արևմտյան ծրագիր ավելի սպառնալից չի լինի