22/11/2024

Գյուլենի մահվան առկա պայմաններում ինչո՞վ կարող է փոխել Էրդողանի և Միացյալ Նահանգների հարաբերությունը

ԱՄՆ-ում մահացել է թուրք մեծահարուստ Ֆաթուլլահ Գյուլենը: Այդ մասին հայտնել է թուրքական մերձկառավարական «Հյուրիեթ» պարբերականը: Թե ինչից է մահացել Գյուլենը, առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Մանրամասները գուցե այնքան էլ երկրորդական չեն, սակայն մյուս կողմից, այդպիսի դեպքերում շատ բարդ է ասել, թե որքանով են իրական հանգամանքները ստանում հանրային հասանելիություն: Իսկ Գյուլենի մահն անկասկած նաև քաղաքական է, որովհետև Ֆաթուլլահ Գյուլենը Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի «երդվյալ հակառակորդն» էր:

Էրդողանն իր նախագահությունը, ըստ էության, ամրացրել է զգալիորեն նաև Գյուլենի կերպարի հաշվին՝ նրանից կերտելով թշնամի՝ ինչին, իհարկե, Գյուլենն ինքը նպաստել է իր գործունեությամբ, և պայքարելով այդ թշնամու դեմ: Էրդողանը Գյուլենին մեղադրեց 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման համար: Միևնույն ժամանակ, ի դեմս Գյուլենի, Էրդողանը մեղադրում էր նաև ԱՄՆ-ին, որտեղ ապրում էր թուրք միլիարդատերը:

Ավելին, շատ հիշարժան է 2016-ի դրվագը, երբ Թուրքիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ հանդիպմանն Էրդողանը նրանից պահանջում էր հանձնել Գյուլենին, իսկ Բայդենը Էրդողանի համար իրավական լիկբեզ էր անցկացնում՝ ասելով, որ դա ոչ թե Սպիտակ տան որոշելիքն է, այլ ԱՄՆ դատարանի, որն անկախ ինստիտուտ է: Խոշոր հաշվով, բավականին բարդ է միարժեք ասել՝ Ֆեթուլլահ Գյուլենի կերպարը և գործունեությունը Էրդողանին ավելի խանգարե՞լ է, թե՞ նպաստել: Ի վերջո, ցանկացած ամբողջատիրական իշխանության համար կարևոր բաղադրիչ է այսպես ասած արտաքին թշնամին:

Գյուլենը մի շոշափելի ժամանակաշրջան Էրդողանի համար կատարել է այդ դերը՝ կամա, թե ակամա և նրան, ըստ էության, տվել հնարավորություն Թուրքիայում ամրացնել իր ամբողջատիրական իշխանությունը: Վերջին տարիներին, իհարկե, Էրդողանը «թուլացրել» էր գյուլենականության բաղադրիչը, թերևս այն պատճառով, որ դա թույլ էր տվել նրան լուծել մի շարք խնդիրներ և դուրս գալ նոր աստիճանի, որտեղ իշխանության կառուցվածքն ու ամրությունը պայմանավորվում է արդեն այլ ներքին ու արտաքին գործոններով:

Գյուլենի մահվան առկա պայմաններում ինչո՞վ կարող է փոխել Էրդողանի և Միացյալ Նահանգների հարաբերությունը: Թուրք միլիարդատիրոջ գոյությունն այդ հարաբերության մեջ լարվածության նյարդը պահող գործոններից մեկն էր, անկախ իր ակտիվության աստիճանից: Մահը կնշանակի՞, որ դուրս է գալիս թուրք-ամերիկյան հարաբերության լարված նյարդ պահող մի գործոն, թե՞ այդ գործոնը «մահացել» էր ավելի շուտ, քան Գյուլենի ֆիզիկական մահը: